Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի նախկին հրամանատար, գեներալ ֆիլիպ Բրիդլավը փորձել է ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա վարչակազմի վրա՝ ձգտելով ԱՄՆ քաղաքականության խստացման Ռուսաստանի նկատմամբ, գրում է Intercept-ը՝ գեներալի նամակագրությանը հղումով:
Օբաման երկար ժամանակ ստիպված է եղել հակազդելու Կոնգրեսին, որը պնդում էր Ուկրաինային մահաբեր զենք տրամադրել: Նախագահը մտահոգություն է արտահայտել, որ ԱՄՆ-ի նման գործողությունները կարող են հանգեցնել Դոնբասում հակամարտության սրմանը և Մոսկվայի հետ հարաբերությունների վատացմանը, նշում է հոդվածի հեղինակը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ Բրիդլավը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի հետ, որպեսզի խորհուրդ ստանա այն մասին, թե ինչպես ամերիկացիների ուշադրությունը հրավիրել ուկրաինական ճգնաժամի վրա այն պայմաններում, երբ ողջ աշխարհը զբաղված է ԻԼԻՊ-ի դեմ պայքարով, ինչպես նաև նախագահին համոզելու Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում ընդունել:
Բացի այդ, գեներալը փորձել է Օբամայի վրա ճնշում գործադրել «շրջանցիկ ճանապարհով»՝ նամակներ ուղարկելով գիտնականներին և պաշտոնաթող սպաներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար Ուեսլի Քլարկին, ձգտելով աջակցություն ստանալ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հարցում: