Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդների համար գործում է վրանային ճամբար, որտեղ նրանք կարող են օգտվել տաք սննդից, շարժական լոգարաններից, անհրաժեշտության դեպքում' բժշկական ու հոգեբանական աջակցությունից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: Նրա խոսքով' ներկայում Վերին Լարսի անցակետի հատվածում հիմնականում բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների վարորդներն են, ովքեր պարզապես չեն թողել իրենց մեքենաներն ու չեն վերադարձել: «ՀՀ վարչապետի նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ նախարարության ջանքերով ՌԴ ԱԻ ինքնաթիռով վեց չվերթ է իրականացվել և Հայաստան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի, նրանցից 73 կին ու 31 երեխա»,-ասաց մեր զրուցակիցը: Նանա Գնդոյանի վստահեցմամբ' վրանային ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները նշյալ վեց չվերթներով վերադարձել են հայրենիք:
Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վերին Լարսի անցակետում դեռևս կան 50 քաղաքացիներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ռուսաստանյան միգրացիոն ծառայության կողմից, Նանա Գնդոյանը նշեց. «Մենք կապվել ենք ՌԴ-ում ՀՀ ԱԻ ներկայացուցչի հետ, ով մեզ տեղեկացրել է, որ 50 հոգին նրանք են, ովքեր ոչ թե կուտակվել, մնացել են, այլ քաղաքացիներ են, ովքեր ժամանել են արդեն 6-րդ չվերթից հետո, նրանք չեն մնում ճամբարում, պարզապես գնում են տեղեկատվություն ստանում»: ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, որ մարդիկ, ովքեր չեն կարող մնալ հյուրանոցում կամ բարեկամի տանը, հնարավորություն ունենան օգտվել վրանային ճամբարներից, որոնք ստեղծվել են ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցությամբ:
Մեր այն հարցին, թե արդյոք ԱԻՆ-ն էլ անելիք չունի Վերին Լարսում, Նանա Գնդոյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք աշխատել, համագործակցում ենք թե Հյուսիսային Օսիայի ԱԻ դեպարտամենտի, թե Վրասատանի ՆԳՆ-ի և թե ՌԴ ԱԻ նախարարության հետ, վրանային ճամբարը գործում է այնտեղ մնացած վարորդների համար: Պետք է հաշվի առնել, որ մեր ԱԻՆ-ը չունի ինքնաթիռ ու օգտվել է ՌԴ ԱԻՆ ինքնաթիռից, որն էլ իր խնդիրներն ունի»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Լարսի սահմանային անցակետը հուլիսի 4-ին ժամը 17։00-ից փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար: Հուլիսի 4-ի երեկոյան կամ հուլիսի 5-ի առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
Հուլիսի 4-ին ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակված Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի: