armnoc.am Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի փոքր երկրների առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի թիմը՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ արդեն Վրաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը խոսեց իրենց մրցակիցների և ունեցած հնարավորությունների մասին:
-Պարոն Հարությունյան, նախապատրաստական ի՞նչ շրջան եք անցել:
-Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը մինչև Եվրոպայի առաջանության C դիվիզիոնին մասնակցելն Երևանում 13 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Նաև ունեցան երկու ընկերական հանդիպումներ, որոնք օգնեցին նախապատրաստվել այս առաջնությանը: Մեր հավաքականի հիմնական կազմը՝ 8 բասկետբոլիստներ, Երևանից են, իսկ 4-ը՝ հրավիրված են Սիրիայից և Ռուսաստանից: Վերջիններս արտասահմանում են խաղում և բավականին մեծ փորձ ունեն:
-Այս հավաքականը միասին աշխատելու փորձ ունեցե՞լ է:
-Այո, նախորդ տարի 16 տարեկանների Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդն էր: Նրանք փորձ ունեն միմյանց հետ խաղալու:
-Բասկետբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի հետ: Որքանո՞վ եք տեղյակ նրանց խաղաոճին:
-Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք այս մրցաշարին, մրցում էինք հենց նրանց հետ: Ինչպես որ մենք գիտենք նրանց, նույնքան էլ նրանք են ծանոթ մեր խաղաոճին: Բայց այն ժամանակ մենք 17 տարեկան էինք և չունեինք մեր 4 խաղացողներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անդորրայի հավաքականում ևս 4 նոր բասկետբոլիստներ են ավելացել: Սակայն դա մեզ մտածելու առիթ չի տալիս:
-Ի՞նչ կասեք Ուելսի հավաքականի մասին, որի հետ երկրորդ հանդիպումն եք անցկացնելու:
-Քիչ առաջ հանդիպեցինք թիմին ճաշարանում: Մենք Ուելսի հավաքականի կեսին ծանոթ ենք: Նրանք ավելի բարձրահասակ խաղացող ունեն, նրանց միջին հասակը 1,75 սմ է: Ցավոք, չենք կարողանում ոչ մի տեսանյութ գտնել նրանց խաղերից, ինչպես նախորդ տարի էր: Անցած անգամ մենք հաղթեցինք նրանց 30 միավորի առավելությամբ:
-Պարոն Հարությունյան, եթե իրատես լինենք, ի՞նչ շանսեր ունենք այս առաջնությունում:
-Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ ես պատահականություն չեմ հանարում այն, որ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում:
ՀԱՕԿ լրատվության բաժին