Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում:
Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: