Հսկողության թիրախների բացահայտմամբ և հասցեական ստուգումների կազմակերպմամբ իրականացնել բացառապես ռիսկի կառավարման վրա հիմնված վարչարարություն. պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականն է հարկային տեսչություններին: Գործընթացն առավել հասցեական դարձնելու նպատակով համակարգում մեկնարկել են վարչարարական, կազմակերպչական և կառուցվածքային փոփոփոխություններ: Մասնավորապես, ըստ Կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանի, օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները:

 

Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով հարկային հսկողությունն առավել թիրախավորված և արդյունավետ իրականացնելու նպատակով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ: 2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին: Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ' հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում: Հարկային տեսչություններում ներդրվել է նաև տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը:

 

Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին: Կարևորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների և ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված և ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:

 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին