Ոստիկանությունում այս պահին ընթանում է ասուլիս, որի բանախոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը Պավլիկ Մանուկյանին խնդրում է իր որդուն բաց թողնել:
«Իմ տղան չի ծառայել, զենք չի վերցրել: Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին, իմ երեխուն բրախի գա գոնե ինձ տեր լինի: Ես առաջին կարգի հաշմանդամ մարդ եմ: Իմ երեխեն վաբշե պալիտիկայից հեռու է: Նա ոչ «Սասնա ծռերին» է ճանաչում, ոչ էլ: Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին, իմ տղան զենքին չի տիրապետում, իմ երեխին չնեղեք, ինքը ինձ ոչ մի բան չի ասել, ես կողքից եմ իմացել: Ես ապրում եմ Սպիտակում: Իմ տղային ասել են՝ գնում ենք միտինգ, որն էլ էս ձևի բան է դարձել: Իմ տղայի աչքերը չի տեսնում նորմալ, նա զենքին չի տիրապետում: Ինքը պետության հետ գործ չունի: Թողեք իմ երեխուն տան ինձ»,- հայտարարեց Էդգար Սողոմոնյանի հայրը:
Հայրն ասում է՝ իր որդուն խաբեությամբ են տարել, ասել են՝ մի ժամով գնում են միտինգի, Ղարաբաղի հողերը հանձնել չթողնելու համար:
«Իմ տղան ոչ մի կապ չի ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման հետ: Ինքը ամսի 13-ին է եկել Ռուսաստանից ու ամսի 16-ին եղել է այդ դեպքը: Ես Պավել Մանուկյանից խնդրում եմ իմ որդուն տալ: Ես լողանալուց առանց իմ երեխու չեմ կարում, ամոթ էլ է ասելը: Եթե նա չուզենա գալ, էդ դեպքում՝ թող մնա: Մենք իրենից ենք ուզում լսել՝ ուզում է մնալ այնտեղ, թե գալ մեզ հետ»,- ասաց հայրը:
Էդգարի հայրը պատմեց, որ իր որդին վատ տեսողության պատճառով բանակում չի ծառայել, երկրաշարժին մայրը մահացել է, տատն է խնամել, Ռուսաստանում շինարարություն էր անում՝ ինձ պահելու համար. «Ես իմ երեխային լավ գիտեմ, ինքը ընկերասեր է, բայց թե ինչ մոմենտ է, չեմ կարող ասել: Ինձ որևէ մեկը չի ստիպել գալ ասուլիս տալ, ես իմ երեխային եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում»:
Մանրամասները՝ azaturyun.am-ի ուղիղ եթերով: