Հայ եւ վրացի գործընկերները ներկայացրին համատեղ իրականացրած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները: ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագիրը ներառում է 9 համատեղ միջսահմանային համագործակցության ծրագրեր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Ծրագրերը բազմազան են եւ առնչվում են համագործակցությանը տնտեսական, բնապահպանական, մշակութային եւ կրթական ոլորտներում:

 

«Այսօր մենք ցանկանում էինք տեսնել, թե որ փուլում են գտնվում ծրագրերը, թե ինչ փորձ են ձեռք բերել մեր վրացի եւ հայ գործընկերները, ինչ խնդիրներ ունեն: Եվ միանշանակ տպավորություններս դրական են: Այս ծրագրերը նախեւառաջ ուղղված են տեղական զարգացմանը, եւ բնականաբար. նրանք փոխանակում են փորձը, տարբեր խնդիրների համար գտնում են նոր միասնական մոտեցումներ, ընդարձակում են տեղական գործարարների գործունեւության եւ գիտելիքների ոլորտը, ինչը արդեն դրական անդրադարձ է ունենում»-նշում է Եվրամիության տարածքային համագործակցության կառավարման ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը:

 

Արեւելյան գործընկերության համագործակցության աջակից ծրագրի շրջանակում գործող Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին:

 

Արեւելյան գործընկերության համագործակցության աջակից ծրագրի նպատակն է բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածքային համագործակցության ծրագրերի իրականացման համար' Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան- Վրաստան, Բելառուս-Ուկրաինա ուղղություններով: ԵՄ ներդրումն այս ծրագրերում կազմում է 12.5 մլն եվրո: