Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած «ԻստԻնվեստոր» ընկերության հայցի քննությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
«ԻստԻնվեստորի» փաստաբան Արա Զոհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում մեկ ապացույց է հետազոտվել, և դատավորը գնացել է վճիռ կայացնելու: Սպասվում է, որ վճիռը պետք է հրապարակվի մարտի 6-ին: Սակայն սա դատավորի արդեն երրորդ «փորձն» է՝ խորհրդակցական սենյակ գնալու և վճիռ կայացնելու և, ըստ փաստաբանի, նիստերի այս վերսկսումներն ու հետաձգումները ողջամիտ չեն: Մինչ այս, Զոհրաբյանի խոսքերով, նախորդ դատական գործընթացից կանխակալ վերաբերմունք չէր նկատվում, բայց վճռի կայացման առումով դատավորի այս անորոշ քայլերը մտահոգության տեղիք են տալիս:
«Եթե վճիռը լինի բացասական, այսինքն՝ մեր վստահորդի իրավունքները չպաշտպանվեն, բնականաբար, կգնանք հաջորդ փուլ, մեր վստահորդը տրամադրված է մինչև Եվրոպական դատարան հասնել և պայքարել իր իրավունքների համար»,- ասաց Ա. Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց պահանջը բաժնետոմսերի առուվաճառքի գործընթացն անվավեր ճանաչելն է, այսինքն՝ արժեթղթերը հետ վերադարձնելը: Նա նշեց, որ հակառակ կողմից փոխզիջման գնալու նախաձեռնություն չկա:
Հիշեցնենք, որ «Հետք»-ի հետ զրույցում Ստեֆան Լաքսհուբերը պատրաստակամություն էր հայտնել երկարամյա, նույնիսկ տասնամյակներ տևող պայքար մղել ընդդեմ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, որպեսզի վերականգնվի իրենց սեփականության խախտված իրավունքը: Նրա կարծիքով՝ այս գործն առանցքային է այն հարցում, թե ինչպես է պաշտոնական Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին:
Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ կոմբինատի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը՝ դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Սա գործարքի և «ԻնտԻնվեստորի» գնած գնի ընդամենը 20 %-ն է կազմում՝ չնայած որ ընկերությունն աճել է այս ժամանակահատվածում: Այս գինն իրական շուկայական արժեքի 2 %-ից էլ պակաս է: Այս քայլով «Մուլտի Գրուպը» դիտավորյալ փորձում է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ ակնհայտ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:
«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» ուներ 47 250 բաժնետոմս: «Էն-Աուդիտը» 1 բաժնետոմսը գնահատել է 28 000 ՀՀ դրամ: Դա նշանակում է ամբողջ ընկերության ամբողջ արժեքն ընդամենը 1 մլրդ 323 մլն դրամ է, կամ՝ 3,27 մլն եվրո, ներառյալ՝ բրենդը, գործարանի դիրքը, հողատարածքը, կոնյակի պաշարները, լիցենզիաները և այլն: Գերմանացի ներդրողի գնահատման համաձայն (որն իրականացրել են՝ համեմատելով ԱՊՀ, Ռուսաստանի և Եվրոպայի նմանատիպ ընկերությունների հետ)՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» իր բոլոր ակտիվներով արժե ավելի քան 200-300 մլն եվրո: Նույնիսկ եթե վերցնենք ամենացածր գնահատականը՝ 200 մլն եվրո, ապա յուրաքանչյուր բաժնետոմսի գինը կկազմի 1,710,055 ՀՀ դրամ և ոչ թե 28 000 դրամ:
«ԻստԻնվեստորն» այս ամենի մասին տեղյակ է պահել ՀՀ նախագահին և վարչապետին, նաև՝ այլ պաշտոնյաների. Ստեֆան Լաքսհուբերն անձամբ 2009-ին հանդիպել և զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Դեպքի մասին տեղյակ են նաև Գերմանիայի հայկական դեսպանատանը, Nazdaq OMX-ը: Սակայն ոչ մի աջակցություն ներդրողները չեն ստացել Հայաստանի ոչ մի կառույցի կողմից: Ոչ մի պատասխան, ոչինչ:
Բաժնետոմսերի համախմբումից հետո և այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանին են պատկանում կոմբինատի բաժնետոմսերի 80 %-ը, «Մուլտի Գրուպ»-ին՝ 10 %-ը: Մնացածը դեռևս ենթակա է մարման, քանի որ 124 բաժնետերերից մոտ 30-ն անհայտ են: Կան ընդամենը մարդկանց անուն-ազգանունները: Որոշ մարդիկ արդեն մահացել են:
«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի համախմբումը և ընկերության փոխհատուցումը չի բավարարել ևս 5 բաժնետերերի. Աստղիկ Թադևոսյանը 2008 թ. նոյեմբերի 14-ին դիմել էր դատարան: Նրան էր պատկանում 33 բաժնետոմս: Երևանի քաղաքացիական դատարանը՝ Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, 2008 թ. դեկտեմբերին մերժել էր հայցվորի՝ հոկտեմբերի 12-ի ընկերության ընդհանուր ժողովի բաժնետոմսերի կոնսոլիդացման որոշումն անվավեր ճանաչելու և բաժնետոմսերի հետգնման արժեքը վերանայելու պահանջը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվում է ևս 4 այլ բաժնետերերի բողոքն ընդդեմ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի:
Լուսանկարը՝ «Հետք»-ի