Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Բնականաբար, հանդիպման մեխը դառնալու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը՝ չնայած այն բանին, որ նախատեսվում է քննարկման առարկա դարձնել նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Եվ ահա պատահաբար, թե միանգամայն օրինաչափորեն՝ հանդիպման նախօրեին հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը (հենց սա է գաղափարական մեխը ներկայիս բանակցային գործընթացի)՝ ձգտելով, ըստ էության, հանրայնացնել այն ու իրականացնել յուրօրնակ ջերմաստիճանի ստուգում՝ պարզելու համար հասարակության վերաբերմունքը՝ սույն փաստաթղթի ու, առհասարակ, ԼՂ խնդրի շուրջ վերջին շրջանում ակտիվացած բանակցությունների նկատմամբ:


Առաջին իսկ տպավորությունը, որ ստանում ես՝ ընթերցելով տխրահռչակ փաստաթուղթն, այն է, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կատարյալ դավա՝ ընդդեմ հայության. վստահաբար կարելի է ասել՝ չկա գեթ մեկ կետ այս փաստաթղթում, որում արտացոլված լինեն հայկական շահերը: Նախ՝ այդքան չարչրկված տարածքների հանձնման մասին. նախատեսվում է բոլոր 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի, Քելբաջարի, Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածների անվերադարձ հանձնում Բաքվին՝ առանց որևիցե նախապայմանի: Իսկ ԼՂ կարգավիճակին վերաբերող կետում էլ բառացիորեն ասված է հետևյալը.


«Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք»: Համաձայնե՛ք՝ կատարյալ խեղկատակություն: Բայց առավել մարազմատիկ է ստացվել սրա շարունակությունը. «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:


Հիմա հարց՝ ո՞ւմ շահերն է արտացոլում սույն փաստաթուղթը: Պատասխան՝ ում ասես՝ բացի Հայաստանից: Սույն փաստաթղթին գցված ամենահպանցիկ հայացքն իսկ բավարար է՝ հասկանալու համար, որ սա ռուս-ազերիական դավադրություն է՝ ուղղված Հայաստանի դեմ, որի բուն նպատակը Ռուսաստանի շահերն Անդրկովկասում առաջ տանելն է ի հաշիվ հայերի. Բաքուն, ընդունելով Մոսկվայի գերիշխանությունն ու համաձայնելով անդամակցել ԵՏՄ-ին, պարգևատրվում է հսկայական տարածքներով՝ ԼՂ տարածքին հավասար՝ հետագայում Ղարաբաղն իրենով անելու փայլուն հեռանկարով: Մոսկվան էլ, հնարավորություն ստանալով իր խաղաղապահներին մտցնել ԼՂ հարող տարածքներ՝ ունենում է հնարավորություն՝ ոչ միայն ցմահ վերահսկողություն սահմանելու ողջ Անդրկովկասում, այլև ձեռք բերել մի ունիվերսալ գործիք-մահակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի գլխին: Բայց եթե Ադրբեջանն այդ ընթացքում ստանալու է իր ուզածը, ապա մենք, ընդհակառակը, կորցնելու ենք մեր ունեցածն ու վերջանակապես թաղելու ենք բարգավաճ երկիր ունենալու մեր երազանքները. 20 թիվը կրկնվում է:


Իրականում մեր պարտությունը սկսվեց այն օրվանից, երբ մենք համաձայնեցինք Կազանի փաստաթղթին, երբ մենք մեր վճռական «ոչ»-ը չասացինք այս խեղկատակությանը՝ ձգտելով հաճոյանալ Պուտինին ու նրան հանձնելով Հայաստանի գոյության բանալիները՝ կարծեցինք, թե մեզ տիրություն կանեն, մեզ իրենց թևի տակ կքաշեն, ու մենք էլ՝ խելոքներս, ոտքերներս փռած կապրենք. մոռացել էինք, որ լավ տերեր չեն լինում,որ բարեհոգի քեռիներ քաղաքականության մեջ չկան, ու այստեղ բոլորը մրցակիցներ են միմյանց՝ անկախ ունեցած տրամաչափից:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ