Lragir.am. Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին: Այդ հանդիպումն ուշագրավ է Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ստեղծված կացության առումով: Ինչպես հայտնի է, Արմավիա ընկերությունը, որին տարիներ շարունակ մենաշնորհային իրավունքներով հանդերձ տրված էր Ազգային ավիափոխադրողի կարգավիճակ, հայտարարել է սնանկության գործընթացի մասին, որը սակայն դեռեւս չի էլ սկսել: Մինչդեռ հայկական երկնքի հարցը կարծես թե դարձել է միջազգային խնդիր, ինչի մասին է վկայում այն, որ թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը, թե Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, այդ կառույցի հայաստանյան առաքելության ղեկավարը, արտահայտել են Հայաստանի երկնքում բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշելով, որ դա կբերի տոմսերի գնանկման:
Առայժմ տեղի է ունենում հակառակը, եւ Արմավիայի չվերթերի դադարեցումից հետո, Հայաստանի ավիաշուկայում առանց այդ էլ թանկ տոմսերը էլ ավելի են թանկացել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առայժմ ոչինչ չունի այդ երեւույթի դեմ, եթե իհարկե այդ հանձնաժողովը գործնականում որեւէ արատավոր երեւույթի դեմ կարող է որեւէ բան անել, եթե չկա քաղաքական հանձնարարություն:
Այդ իրավիճակում, առնվազն տարօրինակ է հնչում եվրոպական քաղավիացիայի պաշտոնյայի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե «հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարեւորություն ունի», ինչպես նշվում է հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քաղավիացիային կրկնակի կարեւորություն տվող երկրում երկու տասնամյակում երկու Ազգային ավիափոխադրող չի սնանկանում, առավել եւս պետությունը հանգիստ ու անթարթ չի հետեւում, թե ինչպես է Ազգային ավիափոխադրողը, մենաշնորհային պայմանների առկայության պայմաններում, պարտքեր կուտակում եւ գնում սնանկացման:
Օրերս տեղեկություն տարածվեց, որ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել Արմավիային, այսպես ասած օդի հարկի հետ կապված հարցով: Սա կարելի է համարել պետության գործնական հետաքրքրվածության եզակի դրվագ, այն դեպքում, երբ Արմավիայի գործունեությունն ու դրա առաջացրած խնդիրները օդում վաղուց էին կախել այդ ընկերության գործունեությունը եթե ոչ իրավապահների, ապա առնվազն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի միջոցով ուսումնասիրելու հարցը:
Գուցե այդ դեպքում հայկական երկնքում լիովին այլ իրավիճակ լիներ, ու դա կվկայեր, որ քաղավիացիայի ոլորտը Հայաստանի համար իսկապես կրկնակի կարեւոր է:
Իսկ ներկայում, տարօրինակ է նաեւ Կատալին Ռադուի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում»: Դա մեղմ ասած հաճոյախոսություն է Հայաստանի քաղավիացիայի հասցեին, քանի որ առնվազն կառավարման չափանիշների առումով ակնհայտորեն կան խնդիրներ, որոնք էլ հանգեցրել են կոլապսի:
Այլ հարց է, եթե Կատալին Ռադուի հայտարարությունն ավանս է այն գործողություններից առաջ, որ միջազգային կառույցները սպասում են Հայաստանի իշխանությունից ավիացիայի բնագավառում այսպես ասած «բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ:
Իսկ այստեղ կարող են լինել բավականին հետաքրքրական զարգացումներ, սակայն դեռեւս բաց է մնում հարցը, թե արդյոք Հայաստանի բաց երկնքում կլինի Ազգային ավիափոխադրող: Քաղաքացիական ավիացիային կրկնակի կարեւորություն տվող պետությունն իրավունք չունի իր երկինքը թողնել առանց Ազգային ավիափոխադրողի, նկատի ունենալով հենց ավիացիայի ռազմավարական նշանակությունը ցամաքային շրջափակման մեջ գտնվող պետության համար: Մյուս կողմից ակնհայտ է, որ Ազգային ավիափոխադրողին պետք է դնել այնպիսի պայմանների մեջ, որն այդ փոխադրողի մոտ կառաջացնի ոչ թե կոռուպցիայի եւ դեգրադացման, այլ մրցակցության եւ զարգացման մոտիվացիա:
Ի դեպ, Կատալին Ռադուի հայաստանյան այցն ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հետաքրքրական են մեկ այլ՝ «արցախյան երկնքի» դրվագով: Ինչպես հայտնի է, Արցախում կառուցվել է օդանավակայան, որը քաղաքական պատճառներով դեռեւս չի հանձնվում շահագործման եւ չեն լինում թռիչքներ Արցախ: Հարցը տեւական ժամանակ է գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, սակայն շոշափելի զարգացում այդպես էլ չկա: Հետաքրքրական է այն փաստը, որ Կատալին Ռադուի այցը համընկել է եւ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցին զուգահեռ:

Հակոբ Բադալյան