Lragir.am. Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում, անդրադառնալով տրանսպորտի թանկացման խնդրին, հայտարարել է, որ Հայաստանի «գլխին սարքում» են:
«Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է», հայտարարել է Զոհրաբյանը, մանրամասնելով, որ սա Արեւմուտքի եւ Ռուսաստանի պայքարի արդյունք է, եւ տա Աստված, որ ամեն ինչ ավարտվի միայն տրանսպորտի թանկացումով:
Սպասելի էր, որ իշխանությունը հրապարակ է բերելու իր ամենասիրած «փաստարկներից» մեկը՝ համաշխարհային դավադրությունը: Կապ չունի, թե այն կոնկրետ ում կհասցեագրեն: Ընդհանրապես, կոնկրետ ոչ մեկին էլ չեն հասցեագրում եւ ուղղակիորեն որեւէ մեկին չեն մեղադրում Հայաստանի «գլխին սարքելու» համար:
Կոնկրետ մեղադրելու համար երկու բան է հարկավոր՝ համարձակություն եւ փաստեր: Միայն փաստերն իհարկե քիչ են, պետք է համարձակություն, որպեսզի կոնկրետ ասեն, թե ահա այս գերտերությունը «սարքեց Հայաստանի գլխին»:
Ռազմիկ Զոհրաբյանը գուցե փաստեր ունի, բայց չունի համարձակություն: Այդ դեպքում նրան պետք է օգնի ԱԱԾ-ն եւ Ռազմիկ Զոհրաբյանին հրավիրի պարզաբանման, թե ով է Հայաստանի «գլխին սարքողը»: ԱԱԾ-ն պետք է երաշխավորի նրա անվտանգությունը, որպեսզի Զոհրաբյանն էլ ներկայացնի պետության համար կարեւորագույն ինֆորմացիան՝ Հայաստանի «գլխին սարքողի անունը»: Թեեւ, խորհրդային դիսիդենտի համարում ունեցող Ռազմիկ Զոհրաբյանը երեւի թե պետք է պատրաստ լինի հանուն պետության անվտանգության նաեւ կյանքը տալ, եթե ԱԱԾ-ն իր անվտանգությունը չերաշխավորի էլ:
Բայց ԱԱԾ-ն Զոհրաբյանին չի հրավիրի, որովհետեւ ԱԱԾ-ն գիտե, որ իրականում Ռազմիկ Զոհրաբյանն է զբաղված «գլխին սարքելով»՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող հասարակության «գլխին սարքելով»: ԱԱԾ-ն շատ լավ գիտե, որ եթե Հայաստանի «գլխին ինչ որ բան սարքվում» է, ապա դա ոչ այնտեղ, որտեղ իրենց իրավունքի համար պայքարող ազատ քաղաքացիներն են, այլ այնտեղ, որտեղ քաղաքացիների հաշվին հարստացող, հանրային ռեսուրսներն ու իշխանությունը յուրացրած տարրերն են:
Այ դրանով, Հայաստանի «գլխին» իսկապես «սարքել» են:
Երբ մի ամբողջ իշխանական համակարգ մոտ երկու տասնամյակ նստում է քաղաքացիների վզին, կամ նստացվում, դա արդեն Հայաստանի «գլխին սարքել» է:
Թանկացումներն էլ իհարկե Հայաստանի «գլխին սարքել» է, բայց սարքողները դրսում չեն, այլ ներսում: Ռազմիկ Զոհրաբյանն է «սարքում» այնպես, թե դրսում են: Ինչքան շատ բան փնտրեն քաղաքացիները դրսում՝ լինի արտագնա աշխատանք, թե ներքին խնդիրների պատճառ, այդքան ավելի հեշտ կլինի ներսում իշխանության գործը:
Դրա համար էլ պայքարող քաղաքացիներին կոնկրետ պատասխան տալու փոխարեն, իշխանությունը համաշխարհային դավադրության տեսությունն է մեջտեղ բերում: Երեւի Վոլոչկովան է լուսանկարվելիս Տարոն Մարգարյանի ականջին շշնջացել՝ թանկացրու տրասպորտը, սիրելիս, իսկ Վոլոչկովային էլ երեւի Կրեմլում են ասել, կամ Բրյուսելում ու Վաշինգտոնում են «վերբովկա» արել Ռուսաստանում արդեն մոդայից դուրս եկող պարուհուն:
Իսկ ինչի՞ գլուխ է իշխանությունը, եթե Հայաստանի գլխին «սարքում» են դրսից: Հասարակություններն իշխանություն են ձեւավորում հենց դրա համար՝ որ մի շարք հավաքական գործառույթներ, այդ թվում հանրության ու պետության բազմաշերտ պաշտպանության, իրականացնի այդ իշխանությունը: Փաստորեն, իշխող կուսակցության փոխնախագահը խոստովանում է, որ իշխանությունը Հայասանում իր գործառույթները չի իրականացնում, այլապես Հայաստանը թույլ չէր լինի, իսկ «գլխին սարքելն» էլ հեշտ չէր լինի: Այլ կերպ ասած, Ռազմիկ Զոհրաբյանն ընդամենը արձանագրում է, որ Հայաստանում իշխանություն չկա: 


Ջեյմս Հակոբյան