«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով կրկին դիմել է երիտասարդությանը:


««Սասնա Ծռեր» խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով:

 

Ներկայումս մենք մասնակցում ենք այդ ծնունդի ակնկալիքով կատարվող պսակադրությանը: Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի, իսկ հարսնացուն՝ քաղաքականությունը: Ըստ կյանքի օրենքի ավագ սերունդը կարող է միայն քավոր լինել:

 

«Սասնա Ծռեր» խմբավորման ուժի և հաջողության աղբյուրը ոչ թե անցյալի փառքն է (Պավել Մանուկյան, Մխիթար Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Թորոս Թորոսյան), այլ ապագայի երազանքը (Արամ Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Սմբատ Բարսեղյան, Տիգրան Մանուկյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Հովհաննես Հարությունյան, Գագիկ Եղիազարյան, Թաթուլ Թամրազյան և մյուսներ):

 

Հիմա խենթության, ասել է թե՝ իռացիոնալ քայլերի ժամանակն է: Մինչդեռ ավագ սերունդը կաշկանդված է անցյալով, ռացիոնալ է, հաշվենկատ և ծանրաշարժ:

 

Ուստի ավագ սերունդը պետք է դավիթությունը թողնի երիտասարդությանը և ստանձնի Ձենով Հովանի և Քեռի Թորոսի դերը:

 

Իսկ փեսացուն պետք է տեր կանգնի իր պսակին և հարսնացուին:

 

Եվ, եթե կլինեն այնպիսի ավագներ, որոնք սրբապիղծ Ցռան Վերգոյի նման կուզենան նրա տեղը զբաղեցնել, ապա երիտասարդ փեսացուն պետք է հարսանիքից վռնդի և պատժի այդ քաղաքական այլասերվածներին:

 

Ի գործ, սիրելի երիտասարդություն: Վերցրու՛ պայքարի դրոշը և առաջնորդի՛ր:

«Վարդաշեն» ՔԿՀ
12 օգոստոսի 2016թ.»