Որքան էլ կարող է ցավալի հնչել, բայց փաստը մնում է փաստ, որ մեզ այդպես էլ այս երկարուձիգ տարիների ընթացքում չհաջողվեց կերտել այնպիսի պետական կառավարման համակարգ, որը քիչ թե շատ զերծ կլիներ կոռուպցիոն վատթար դրսևորումներից:

 

Իհարկե, ոչ ոք անհույս ուտոպիստ չէ, որ հուսար, թե մեզ կարող էր հաջողվել եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետական համակարգ ունենալ, բայց որ ամեն բան կարղ էր այս աստիճան այլանդակ բնույթ կրել, իսկ կոռուպցիայի հետևանքներն էլ այսչափ քայքայիչ լինեին ողջ պետականաշինության համար, քչերը կարող էին պատկերացնել:

 

Ինչպես հայտնի է, մեր իրականության մեջ կան չինովնիկներ' անկախ սեռական պատկանաելությունից' ի դեպ, որոնց ունեցվածքի, կուտակած հարստության մասին իսկական լեգենդներ ու ասքեր են պտտվում ժողովրդի շրջանում. այդպիսիններից մեկն էլ, անկասկած, ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է, ում ընտանիքը ներկայումս փաստացիորեն Հայաստանի ամենահարուստ ու կարող ընտանիքներից մեկն է հանդիսանում' տնօրինելով այնպիսի ոլորտներ, որոնք արդարացիորեն համարվում են ամենաեկամտաբեր ուղղություններից մեկը Հայաստանի տնտեսությունում:


Պարզվում է, սակայն, որ Հերմինե Նաղդալյանի բազմաբովանդակ կյանքում այժմ կարող է սկսվել անհանգիստ ու տագնապալից մի փուլ, երբ վտանգի տակ կարող է հայտնվել ոչ միայն նրա պաշտոնն, այլև' ունեցվածքը, քանի որ, ինչպես ասում են, համը հանել են:

 

Բանը նրանում է, որ ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ իրավապահ համակարգում «կոմպրոմատների» մի ողջ փաթեթ են հավաքել տիկնոջ դեմ, ու չի բացառվում' գործին ընթացք տան։ Իսկ Նաղդալյանի գլխին կուտակվող մութ ամպերի պատճառն այն է, որ երբ ԼՂՀ գնացողների թիվը մեծացավ' կապված հայ-ադրբեջանական վերջին պատերամի հետ, պաշտոնյաները սկսեցին իրենց մաշկի վրա զգալ Նաղդալյանի' «քարից հաց քամելու» հետևանքները. ճանապարհների շինարարության տենդերները շահած ընկերությունները, որոնք, որպես կանոն, պատկանում են նրա ընտանիքին, նորմալ ճանապարհներ չեն սարքել։ Ու հիմա, երբ ողջ կեղտը ջրի երես է դուրս եկել, իրավապահների թիրախում է հայտնվել ոչ միայն ԱԺ փոխխոսնակն, այլև' բոլոր նրանք, ովքեր դույզն-ինչ առնչություն ունեն նրա հետ' մերձավորներ, ազգականներ և այլն:

 

Ինչ խոսք, ասել, թե Նաղդալյանի անօրինակ ճարպկության դրսևորման ասպարեզները կարող են սահմանափակվել միայն ճանապարհաշինության ոլորտով, իսկական «հարիֆություն» կլիներ, քանի որ անգամ մանկահասակ երեխաներն են տեղյակ այն «աֆյոռաների» մասին, որոնք պարբերաբար ժողովրդի դեմ իրագործում են Նաղդալյանին պատկանող ու գործունեության բավական լայն տիրույթ ընդգրկող ընկերությունները' մարդկանց ստորաբար անտուն թողնելուց մինչև հարկերից խուսափում...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ