Այն մասին, թե Հայաստանը հատկապես վերջին տարիներին ինչ փորձությունների միջով է անցել ու ինչպիսի արհավիրքներ է ստիպված եղել դիմակայել, գիտի յուրաքանչյուր մեկը. արտագաղթ, տոտալ գործազրկություն, անօրինություն, զոռբայություն, հարստահարում, կեղծիք, ստորություն ու էլի նմանատիպ ոչ հաճելի բաներ, որոնց ձեռքը հայ հասարությունը բառացիորեն կրակն է ընկել ու որից ելքը կարծես այդպես էլ հորիզոնում չի նշմարվում:Իսկ հարցը, թե հատկապես ով է մեղավոր այս բոլոր մեղքերում, ում պետք է թիվ մեկ պատասխանատու համարել երկրին պատած բոլոր դժբախտությունների համար, ինչ խոսք, ամենաբարդերից չէ. նույնիսկ մանկահասակները կարող են մատնացույց անել նրանց, որոնց ագահության, փառամոլության, անսահման տխմարության արդյունքում երկիրը հասել է այս վիճակին. դրանք, ըստ էության, այն չինովնիկներն են, որ վաղուց հասարակության գլխին կատարյալ պատուհաս են դարձել ու որոնց բացարձակ մեծամասնությունը ներկայացնում է գեթ մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:


Բայց ասել, թե Հայաստանի կործանման հիմքերը դնելու ու դրանք ցեմենտբետոնով ամրակայելու պատասխանատուն ՀՀԿ-ն է, կնշանակի խիստ մեղմ գույներով ներկայացնել այն դաժան իրականությունը, որում մենք ապրում ենք:

 

Ունենալով երկրում բացարձակ ու տոտալ իշխանություն, օժտված լինելով կառավարման բոլոր հիմնական լծակներով, տիրապետելով բառացիորեն անսպառ նյութական միջոցների՝ հենց Հանրապետական կուսակցության նպատակամիտված, հստակ պլանավորված ու լավ ծրագրված քաղաքականության արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է մի մեծ գետոյի այս մեծ ու ծաղկուն աշխարհում՝որպես արտահանման հիմնական «ապրանքատեսակ» ունենալով սեփական բնակչությանը:


Այն մասին, թե հատկապես ինչպես ստացվեց, որ իրեն նժդեհականության փարոս ու գաղափարական ջահակիր հայտարարած քաղաքական ուժը հաշված տարիների ընթացքում դարձավ Հայաստանի բոլոր դժբախտություններ գրեթե միակ մեղավորն ու արմատը, կարելի է խոսել երկար, խորանալ տարիների քրոնիկոնի մեջ, վերլուծել գործընթացներն ու պարզաբանել դրանց ծնող պատճառները, ինչից, սակայն, այլևս ոչ մի օգուտ չի կարող լինել, քանի որ երկիրն այնպես են հիմնահատակ ավիրել, որ, ինչպես վերջին ուսումնասիրություններն են ցույց տվել, մեր կենսամակարդակով ու զարգացվածությամբ քաղաքակիրթներից հետ ենք մնացել մի ամբողջ 130 տարով:


Իսկ ՀՀԿ-ի երկրի «հերն անիծելու» մեթոդները շատ պարզ են, օրինակ՝ երկրում հաստատել փողի գերիշխանություն, ստեղծել ու հովանավորել քրեա-օլիգարխիկ համակարգ, տոտալ վերահսկողության տակ առնել երկրում բոլոր գործընթացներն ու հաստատել սեփական խաղի կանոնները՝ գործելաոճ, որ ավելի շատ բնորոշ է տոտալիտար կառույցներին ու համակարգերին, որոնց դատապարտող ելույթներով ու հոգեճմլիկ ճառերով հաճախ են հանդես գալիս հատկապես ՀՀԿ խոսնակները, որոնց և վերապահված է մարդկանց «ականջներից լապշա կախելու» կարևորագույն առաքելությունը:


Թե հատկապես ինչպես ստացվեց, որ Գարեգին Նժդեհին սեփականած, իրեն հայրենասիրության փարոս, պատվար ու հիմք հռչակած քաղաքական ուժը տարիների ընթացքում վերածվեց երկրի առաջընթացը խոչընդոտող, պետության հիմքերը սասանող ու նյութապաշտություն սերմանող հիմնական ուժի, ինչ խոսք, պարզից էլ պարզ է. միայն այդ ճանապարհով է հնարավոր երկրում ամուր պահել սեփական իշխանությունն ու հավիտենականանալ իշխանության ղեկին, ինչը, համաձայնե՛ք, ցանկացած քաղաքական ուժի գաղտնի երազանքն է…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ