ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից: «Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:

 


Past.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության ամբիոնի դասախոս, մշակութաբան Գագիկ Մանասյանը, անդրադառնալով հետևյալ հարցին, ասաց. «Ես կարծում եմ՝ առարկայի ներդրումն ուսումնական համակարգ ճիշտ է, օգտակար է, որովհետև երգ ու պարը կապված է մեր ազգային հոգեկերտվածքի, պատմության հետ, ունի գիտաճանաչողական, դաստիարակչական, հայրենասիրական նշանակություն: Նկատել եմ՝ հայերը խմբակային ուրախանալ չգիտեն. եթե մենք փորձում ենք խմբակային երգել մի տոնակատարության կամ ուրախ ժամանցի ընթացքում, չենք կարողանում:

 

Ինչ վերաբերում է առարկայի ներդրմանը, բացթողումներ կան, առաջին՝ այդ ծրագիրը գրվել է պարուսույց Գագիկ Գինոսյանի կողմից, այսինքն՝ մեկ մարդու կողմից: Կարծում եմ՝ այդ ծրագիրը պետք է մշակվեր, համակողմանիորեն քննարկվեր, անցներ որոշակի փորձագիտական գործընթաց և դրանից հետո միայն ներդրվեր ուսումնական ծրագրում: Այդ աշխատանքների մեջ ամբողջությամբ անտեսված է ՀՀ-ում Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության միակ ամբիոնը, ցավալի է, որ այդ ամբիոնն ընդհանրապես չի ներգրավվել աշխատանքներին: Ամբիոնը մեր հանրապետությունում պետականորեն ստեղծված է պարի քաղաքականությունը, պարի մանկավարժությունը գիտականորեն, մեթոդապես ապահովելու համար: Այս դեպքում մենք ունենք պետական պատվեր, սակայն պետական կառույցն անտեսում ենք:

 

Ծրագիրը կատարել է մեկ մարդ, ով չունի մասնագիտական կրթություն, պարի բարձրագույն կրթություն, մանկավարժական կրթություն և չի կարող այդ մեկ մարդը, ինչքան էլ շնորհալի լինի, ապահովել տվյալ առարկայի ծրագիրը: Ի վերջո, գոյություն ունի պարի մանկավարժության տեսություն, որը լուծումներ է տալիս ոլորտի առանձնահատկություններին: Որոշակի տարիքում ոչ ճիշտ ընտրված պարային շարժումը կարող է վնասել երեխային՝ ստանալ ոչ ճիշտ անատոմիական կեցվածք, առաջացնել ֆիզիկական խեղում: Մեր ծրագիր գրողն ունի՞ անատոմիական կրթություն: Անհրաժեշտ էր՝ ծրագիրը մշակվեր ոլորտի հետ առնչություն ունեցող մի քանի ամբիոնների համատեղ ուժերով: Ես խորագույն հարգանք ունեմ Գագիկ Գինոսյանի հանդեպ, ես երևույթն եմ քննադատում, որովհետև կարծում եմ' սխալ է նման թերի ծրագիր ներդնել դպրոցական ծրագրերում»:

 


Հարցին, թե լուծված է արդյոք կադրային խնդիրը, վերջինս ասաց, որ նախկինում ուսուցիչների ֆինանսավորումը թողնված էր դպրոցների տնօրենների վրա, ովքեր ստիպված այդ առարկան հանձնում էին հիմնականում ֆիզկուլտուրայի դասատուներին: «Մշակեցին վերապատրաստական ծրագրեր՝ ֆիզկուլտուրայի, քիմիայի, աշխարհագրության, պատմության և այլ առարկաների ուսուցիչների համար, ովքեր երկու ամսով սկսեցին վերապատրաստվել, ըստ որում, վերապատրաստումը ևս անցնում են Գագիկ Գինոսյանի խմբում, այնուհետ համարվում են պատրաստ' պարարվեստ ուսուցանելու համար: Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի դասատուն, երկու ամիս վերապատրաստվելով, դառնալ պարի մասնագետ. անչափ թերի ծրագիր է այս առումով: Մանկավարժական ինստիտուտը տարեկան 50-60 շրջանավարտ ունի՝ պարի մանկավարժություն մասնագիտությամբ, բայց մենք պարի ուսուցիչ նշանակում ենք քիմիայի դասատուին, այն դեպքում, երբ պարի մասնագետներ շատ կան և աշխատանք էլ չունեն: Նրանք չեն հրավիրվում, որովհետև չկա համապատասխան ֆինանսական ներդրում:

 


Մտավախություն ունեմ, որ երեխաների մոտ առ պարը սեր արթնացնելու փոխարեն կունենանք հակառակ ազդեցությունը: Առաջարկում եմ՝ ծրագիրը ստանա համապատասխան ֆինանսավորում, դպրոցներում պետք է ավելանան համապատասխան հաստիքներ, ուսուցանելու համար բացառապես պետք է ընդունել բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող մասնագետների»,- հավելեց նա:

 

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում:


Լևոն Փանոսյան