ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո գլխավոր դատախազի պաշտոնը դեռ մնում է թափուր։ Պաշտոնակատարն Արմեն Հարությունյանն է։ Այսօր արդեն մամուլը գրում է, որ հայտնի է նոր գլխավոր դատախազի անունը։ Ըստ այդմ՝ այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ կհանդիպի և նրանց հարցերին կպատասխանի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը, որին Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներկայացնել խորհրդարանին։ ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց ներկայացնել Արթուր Դավթյանի կենսագրական և աշխատանքային գործունեության վերաբերյալ մի քանի դրվագ։
Եվ այսպես. Արթուր Դավթյանի՝ որպես դատախազի կարևորագույն գործերից է «Հարսնաքարի» աղմկահարույց դեպքը։ Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը 6 ամբաստանյալի համար պահանջեց 12-ական տարվա ազատազրկում և վարչական տույժ՝ 100 հազարական դրամի չափով։ Դատական նիստերի ժամանակ պատասխանող կողմն անգամ բացարկ էր ներկայացրել դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով մի շարք հիմնավորումներ: Դրանք հիմնականում կապված էին մեղադրյալներից Նորայր Հայրապետյանի ձերբակալման ժամանակ արված խախտումների հետ: Պատասխանող կողմը պնդում էր, որ ձերբակալման ժամանակ մի շարք խախտումներ են եղել, սակայն դատախազը որևէ քայլ չի ձեռնարկել օրենքը պահպանելու ուղղությամբ: Պատասխանող կողմը համարում էր նաև, որ դատախազը կողմնակալ է ու գործը քննվել է մակերեսորեն։
Աղմկահարույց այս գործից հետո Արթուր Դավթյանը նշանակվեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Պաշտոնավարեց մեկ տարի, որից հետո նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Մինչև 2016 թվականի հունիս նա պաշտոնավարեց, որից հետո նշանակվեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման զինված գործողությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը խորհրդակցության էր անցկացրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, Գլխավոր դատախազությունից հենց Արթուր Դավթյանն էր ներկայացել Գևորգ Կոստանյանի փոխարեն։ Դավթյանը ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է, իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Քրիստինա Աղալարյան