Կառավարության հաջորդ նիստի ժամանակ գործադիրը կքննարկի ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը:

 

Իրավական ակտի նպատակն է կանոնակարգել պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանել ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները:

 

ԼՈւՐԵՐ.com-ը կառավարության նիստի օրակարգից տեղեկացավ, որ այս նոր համակարգի ներդրման մասին կառավարությունում հայտարարվել էր վաղուց: Մասնավորապես՝ որոշում էր կայացվել նախարարներին զրկել ճոխ չվերթերից:

 

Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթերից, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի նախատեսում վերադարձ և ժամկետի փոփոխում:

 

Երկրորդ խումբը նախարարներն են, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից ավել է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմսեր:

 

Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ ակնկալվող արդյունքը կլինի պետական կարիքների համար ավիափոխադրման ծառայությունների գնումների ընթացակարգի առանձնահատկությունների սահմանումը և անհրաժեշտ չհամարվող ծախսերի կրճատումը և միջոցների տնտեսումը, տնտեսապես առավել շահավետ ավիատոմսի գնման ընտրություն կատարելու չափորոշիչները, ավիատոմսերի չմիջնորդավորված եղանակով (անմիջապես ավիանկերությունների կողմից միջազգային ավիափոխադրումների շուկայում) էլեկտրոնային հարթակում առաջարկվող ավիատոսմերի գնումը, տվյալ տեսակի գնումների գործընթացում հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի բացառումը, պետական կարիքների համար գնված ավիատոմսերի վերաբերյալ կենտրոնացված հաշվետվությունների կազմումը և պետության կողմից կատարվող ծախսերի նկատմամբ վերահսկողության բարձրացումը: