Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հետազոտական եւ վերականգնողական աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ փետրվարի 22-ին կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ նախագահի օգնական Ա. Բերբերյանը, ՀՀ քաղաքաշինության, մշակույթի, արտակլարգ իրավիճակների նախարարությունների, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատասխանատուները եւ հատուկ այդ նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի անդամները:
Նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորեց ողջ հայության համար բացառիկ նշանակություն ունեցող Էջմիածնի Մայր Տաճարի հետազոտման եւ վերականգնողական աշխատանքներում մասնագետների ակտիվ ներգրավվածությունը: Տեղեկացնենք, որ Մայր Տաճարի վերականգնման համար Հանրապետության նախագահին էր դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է Մայր Տաճարի գմբեթների եւ տանիքների ամրակայման եւ վերանորոգման հարցերով հանձնաժողով' ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարությամբ:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվեց աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները եւ առաջադրված խնդրի բացահայտմանը նպատակաուղղված հատուկ մոտեցումներն ու դրանց լուծման ուղիները: Կարեւորվեց Մայր Տաճարի համաշխարհային ժառանգության պատմամշակութային հուշարձան լինելու հանգամանքը, որը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ուստի վերականգնողական աշխատանքներում շեշտվեց ժամանակակից նյութերի միջամտության անթույլատրելիությունը: Առաջարկվեց ստեղծել իրավասու մասնագետներից կազմված մոբիլ համակարգող խումբ, որը տեղում կհետեւի հետազոտական աշխատանքների իրականացմանը, կառաջադրի վերականգնողական աշխատանքներին առնչվող ինժեներա եւ հիդրոերկրաբանական, նյութաբանական եւ այլ նեղ մասնագիտական խնդիրների լուծումներ: Նշված խումբը հենք կնախապատրաստի հուշարձանի վերականգողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար: