Հայաստանի իշխանության վերադասավորումների, նոր նշանակումների և պաշտոնանկությունների փուլում իրենց պաշտոնից հեռացող հայաստանցի մի քանի պաշտոնյաներ հեռակա կարգով «նշանակվեցին» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայաստանի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում գրեթե կանխորոշված էր համարվում, մինչև Օհանյանը կատեգորիկ հայտարարեց, թե չի պատրաստվում այդ կարգավիճակում աշխատել, եթե նույնիսկ պաշտոնապես նման առաջարկ ստանա: Մամուլն ու փորձագիտական շրջանակները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մի քանի անգամ «նշանակեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, անգամ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, ով անկախության 25-րդ տարեդարձի օրերին, մեծարվեց Ս. Սարգսյանի կողմից՝ հաղթահարելով տարիների «իզգոյացված» կարգավիճակը:
Եթե անկեղծ լինենք, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ինքնին որոշիչ չէ, և բացարձակապես այնպես չէ, որ որևէ հայաստանցու նշանակումն այդ պաշտոնում կարող է էապես կամ գոնե մասնակիորեն ազդել այդ կառույցի քաղաքականության վրա: Եթե ՀԱՊԿ-ում ֆորմալ դերակատարությունն ինչ-որ ազդեցություն ունենար, ապա դա տեսանելի կլիներ գոնե վերջին ամիսներին՝ ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահությունը հաշվի առնելով:
Սակայն ՀԱՊԿ-ում կանոնադրական մարմիններն ոչինչ չեն որոշում և ընդամենը պարտաճանաչ կատարում են այն հանձնարարությունները, որոնք ստացվում են Կրեմլից: Այս իրողությունները հրաշալի հասկանում են մեր քաղաքական շրջանակներում և հենց այս համատեքստում էին քննարկում հարցը: Այսինքն, փորձում էին կանխատեսել, թե հայաստանցի պաշտոնյաներից հատկապես ո՞վ է ուղարկվելու մոսկովյան «աքսորի», կամ մերոնցից ո՞ւմ թեկնածությունն ավելի հարազատ կհամարվի Մոսկվայում:
ՀԱՊԿ Երևանի գագաթաժողովը, սակայն երեկ հետաձգել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Մի կողմից նույնիսկ լավ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի այսօրվա հակադրության ֆոնին, այդ պաշտոնում չի հայտնվում Հայաստանի ներկայացուցիչը, ով որևէ ազդեցություն չունենալով Մոսկվայի քաղաքականության վրա, նրա թելադրանքով, հարկադրված է լինելու պարբերաբար հանդես գալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ ուղղված հայտարարություններով:
Մյուս կողմից Հայաստանի սուբյեկտայնությունն, այնքան սահմանափակ է, նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում, որ մեր երկրի ներկայացուցչին արդեն մեկ տարի չի վստահվում պաշտոն, որը փոխանցվում է ռոտացիոն կարգով:
ՀԱՊԿ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, սահմանափակում է նրա արտաքին քաղաքականությունը ու նաև միջավայր է, որում Հայաստանն իրեն օտար և մեկուսացված է զգում:
Ղազախստանն Ադրբեջանի դաշնակիցն է և նրա նախագահ Նորսուլթան Նազարբաևը հերթական անգամ չի ժամանել Երևան՝ այս անգամ պատրվակ բերելով հարբուխը: ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբեք չի թաքցրել իր ադրնեջանամետ դիրքորոշումները: Թերևս նման «դաշնակիցները» նմապատակահարմար չեն համարում, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի ՀԱՊԿ գլխվոր քարտուղարի նույնիսկ սիմվոլիկ պաշտոնը՝ Իլհամ Ալիևին չնեղացնելու համար: Պուտինն իր հերթին չի ցանկանում նեղացնել Նազարբաևին և Բատկային:
Իսկ Հայաստանի նեղանալ-չնեղանալը վաղուց քաղաքական կատեգորիա չէ:
Սարգիս Հակոբյան