Կառավարության ծրագիրը շարունակում է առաջացնել հարցականներ ու իրենց պատասխաններին սպասող օբյեկտիվ հարցադրումներ, որոնք, անշուշտ, գալիս են նախևառաջ ժողովրդի ունեցած բացասական փորձից. եթե նունիսկ խոշորացույցով էլ փնտրես ու ցանկությունից մեռնես, չես կարող գտնել Հայաստանի որևիցե կառավարության ծրագիր, ուր սևով սպիտակին ցանկալի ու խոստումնալից բաներ գրված չլինեն. դրանք բոլորն էլ անշեղ զարգացում նախանշող ու պայծառ ապագայի նկատմամբ հույս ներշնչող փաստաթղթեր են եղել, որոնք, սակայն, այդպես էլ մնացել են թղթի վրա ու կյանքի չեն կոչվել:

Անշո՛ւշտ, Կարապետյանի' հայկական մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցը հարկ է դիտարկել իշխանությւնների' ժողովրդի շրջանում առաջացած կասկածները փարատելու ցանկության համատեքստում, որ իբր կոչված էր' սպառիչ պատասխաններ հնչեցնելու առաջացած հարցերին: Իհարկե, ամեն դեպքում ողջունելի պետք է համարել Կարապետյանի ցանկությունը՝ գնալու հասարակության հետ երկխոսության, բայց հանուն արդարության պետք է նաև նշել, որ քայլն այս ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ:

Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր վարչապետը որոշել չխախտել մեզանում ձևավորված ոչ այնքան բարի ավանդույթն ու իսկապես լայնաֆորմատ հարցազրույց չէր կազմակերպել ԶԼՄ-ների հետ՝ իր հյուրերի ցանկում ներառելով առավել խոշորներին, ինչո՞ւ էր բավարարվել ընդամենը 4-ով, որոնցից երկուսն էլ տպագիր մամուլի ներկայացուցիչներ էին: Այնպիսի տպավորություն էր, թե այդ ամենը հատուկ էր արված, որպեսզի հնարավոր լիներ խուսափել հավանական անհարմար հարցերից՝ ապահովագրելու սեփական հանրային կերպարը բոլոր հնարավոր ռիսկերից. ասես համարձակությունը չէր ներել:

Ինչևիցե, ինչ պատճառ էլ, որ ընկած լինի Կարապետյանի կամ նրա PR-ով զբաղվողների որոշման հիմքում, փաստը մնում է փաստ, որ այս վարչապետը ևս բացառություն չկազմեց ու շարունակեց հանրության հետ շփվել այն նույն ձևաչափով, ինչ իր նախկիններն, ինչը, համաձայնե՛ք, այնքան էլ լավ նշան չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ