ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարվի, որ ինքը ևս միանում է Հանրապետականին:
«Դեռ ժամանակ կա և մենք մեր թիմով մեր կոնկրետ անելիքները կքննարկենք ու հրապարակավ կհայտարարենք այդ մասին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի բացառվում նաև, որ ինքն իր թիմով խորհրդարանական ընտրություններին առանձին ուժով մասնակցի:
Պատգամավորը շեշտեց, որ ինքն ընտրվել է Գյումրիում, որն այսօր էլ շարունակում է հոգսաշատ քաղաք մնալ, հետևաբար, քաղաքի խնդրիներն այսօր էլ իր ու իր թիմի ուշադրության կոնտրոնում են, և այս առումով իրենք շատ մտահոգ են: Այդուհանդերձ՝ պատգամավորն այդպես էլ չհստակեցրեց՝ ինքը միանալո՞ւ է հանրապետականներին, թե՞ ոչ.
«Կուսակցություններին անդամագրվելը կամ կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկվելն ինձ համար ինքնանպատակ չէ: Առաջնահերթն այն է, թե որ քաղաքական ուժի, որ կուսակցության հետ կարելի է Գյումրու խնդրիներին համապատասխան լուծումներ տալ, որոնք որ ունեն միջոցներ ու հնարավորություններ: Կրկնում եմ՝ ինձ համար նշանակություն չունի մանդատ վերցնելը, կամ՝ այս կամ այն կուսակցությունում ընդգրկվելը»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը՝ միասնականության կոչով հանդես է եկել նաև ՀԱԿ-ը, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այդ ուղղությամբ չեմ մտածել, բանակցություններ էլ չեմ տարել: Նման մտադրություններ էլ չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագոմարին կորոշվի նաև ԲՀԿ-ն լքած պատգամավորների ճակատագիրը: Խոսվում է նաև, որ Մարտուն Գրիգորյանն այդ ուղղությամբ բանակցություններ է տանում և հանդիպումներ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մինչև Մարտուն Գրիգրյանը նրանից «դաբրո» չստանա, չի հայտարարի իր հետագա անելիքների մասին:
Արմինե Եփրեմյան