ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը վստահեցնում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներքին խնդիրներ չունի: «Չկան ոչ մի մանր կուսակցություններ, կան կուսակցություններ, որոնց հետ մենք համատեղ աշխատում ենք, որոնց հետ համատեղ ՕԵԿ-ը ձևավորել է «Հայկական վերածնունդ»-ը: Բացի դա՝ խոսքը գնում է ոչ թե մեզ միավորվելու, այլ համխմբվելու մասին»,-ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե «Հայկական վերածնունդ»-ն ի՞նչ ներքին խնդիրներ ունի և ինչո՞ւ են մանր կուսակցություններն ուզում լքել նրա շարքերը:

 

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ ՀՎԾ մի շարք մանր կուսակցություններ մտադիր են Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել, հակառակ դեպքում՝ այդ ուժերը մտադիր են դուրս գալ և միանալ ԲՀԿ-ին:

 

Մհեր Շահգելդյանը, բնականաբար, այդպիսի խոսակցությունները բամբասանք է որակում: Ավելին՝ նա համոզված է, որ նման խոսակցություններ տարածողների նպատակն է՝ քար շպրտել «Հայկական վերածնունդ» կուսակցության հեղինակության վրա: «Մենք խնդիրներ չունենք»,- հավաստիացրեց նա:

 

Հարցին՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է արտահերթ համագումար, ՕԵԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց, որ համագումար նախատեսված է, սակայն այն արտահերթ չի լինի.

 

«Մենք, իհարկե, կանցկացնենք համագումար, բայց՝ ո՛չ արտահերթ: Ամեն ինչ կարվի կուսակցության կանոնակարգով: Պետք է հետևել քաղաքական նպատակահարմարությանը»,- վստահեցրեց նա:

 

Ճշտող հարցին՝ «Հայկական Վերածնունդ»-ի նախագահի փոփոխություն սպասվո՞ւմ է առաջիկայում, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Դա ինչ-որ մեկի հերյուրանքն է, որի նպատակներին չեմ ուզում անդրադառնալ: Եվս մեկ անգամ վստահեցնում եմ Ձեզ, որ այսպիսի խնդիր մենք այսօր չունենք: Կուսակցությունները, որոնք մասնակցել են «Հայկական Վերածնունդ»-ի ձևավորման գործընթացին, արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որին ծանոթ եք նաև դուք: Եղել են նաև որոշ ուժերի կողմից հայտարարություններ, որոնք, ուղղակի, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց պատգամավորը: