Արդյո՞վ ովքեր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեություն՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանն է:
……………
Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին Երեւանում:

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ: Բանասեր:

1998-1999թթ. «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է թարգմանիչ, ապա' մենեջեր: 1999-2000թթ. «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում' տեխնոլոգ: 2000-2002թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում' միջազգային հարաբերությունների գծով մասնագետ: 2002-2003թթ.' «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ: 2003-2005թթ.' եղել է «Մասիս Տոբակո» Մ.Վ. հայ-հունական ՀՁ ՍՊԸ առեւտրային գծով տնօրեն, 2005-2012թթ.' «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2006-2012թթ. համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից:
……
Եթե մեկը մի օր որոշի ու ԱԺ պատգամավորների շրջանում ճանաչելիության մրցույթ անցկացնի, վստահաբար կարող եմ նշել, որ Մարաբյանը վերջին հորիզոնականում կհայտնվի:

Խորհրդարանում երբեք ելույթ չունեցած ու հարց չտված պատգամավորին ոչ միայն լրագրողները, անգամ կոլեգաները չեն ճանաչում:

Մեկ տարի առաջ, երբ ԱԺ-ում անցկացվում էր ՀՌԱՀ անդամի ընտրությունները, ներկա էր նաև տիկին պատգամավորը, որի շուրթերից գեթ մեկ բառ լսելու համար մի քանի լրագրողներ վազվզում էի նրա հետևից՝ հասկանալու համար թե օրենսդրական գործունեությամբ չզբաղվող և բացակաների ահռելի ցուցանիշ ունեցող պատգամավորը վերջ ի վերջո ինչ է անում խորհրդարանում: Վազքի մարաթոնն ավարտվեց անարդյունք և արժանացավ նույն հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սերյան Սարոյանի զարմացած ռեպլիկին՝ թե բա էրեխեք, էս ո՞վ…
252 բացակա ունեցող պատգամավորն ընտրվել է սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի ընտրատարածքից:

Տարբեր լրագրողական այցերի ժամանակ, երբ փորձել ենք հասկանալ, թե գյուղի համար պատգամավորն ինչ է արել՝ ստացել ենք ոչինչ չասող պատասխան, որովհետև Մարաբյանը պարզապես ոչինչ չի արել:

Փոխարենը բոլորը խոսում են նրա ֆինանսական կարողության մասին:

Պարզվում է նա իր միլիոնների շնորհիվ երկրորդ ամենահարուստ կին պատգամավորն է մայր խորհրադարանում: Զիջում է միայն հանրապետական Հերմինե Նաղդալյանին, ում մասին դեռ կխոսենք առաջիկայում:

2012 թվականին, երբ նոր էր ստացել մանդատը, Մարինե Մարաբյանը հայտարարգրել էր է 2 բնակարան՝ 141.1 քմ ընդհանուր մակերեսով:

Նրա տարեկան եկամուտն էր՝ 30 մլն 319 հազ. 940 դրամ, իսկ ամբողջ կարողությունը՝ 40 մլն ՀՀ դրամ և 145 հազ. ԱՄՆ դոլար, որն ավելացել վերջին տարիների ընթացքում:

Անի Սահակյան