Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Շարժման համակարգող խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:

 

Շարժման համակարգող խորհրդի անդամը հայտարարեց, որ Շարժումը դառնալու է հայաստանյան իրականության ամենասպասված իրողություններից մեկը:

 

«Սպասված է այս Շարժումը այնքանով, որքանով ՀՀ անկախության վերջին 25 տարիները ցույց են տվել, որ մեր Հայաստանում, մեր երկրում՝ կուտակվել են բազում սոցիալական, քաղաքական տնտեսական խնդիրներ: Իշխանության և հասարակության միջև ձևավորված որոշակի անջրպետը, հասարակական-քաղաքական հիմնահարցերի օրեցօր կուտակվող և առաջին հայացքից անլուծելի համարվող հիմնախնդիրները օր օրի, ժամ առ ժամ իրենց լուծումներին են սպասում,- ասաց Խաչիկ Գալստյանը:

 

Միասնություն համազգային շարժման հռչակած նպատակներն են՝ բնականոն սերնդափոխության ապահովումը, առողջ մրցակցային դաշտի ստեղծումը, հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը, պետության կառավարման փիլիսոփայության փոփոխությունը, համազգային միասնության հաստատումը:

 

Խաչիկ Գալստյանը ընդգծեց նաև. «հասարակության մեջ առկա և՛ իշխանության, և՛ ընդդիմության նկատմամբ վստահության դեֆիցիտը օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացնում՝ նախաձեռնել մի այնպիսի շարժում, ազգային համաձայնության, միասնականության հիման վրա առաջ քաշել այնպիսի գաղափարներ, որոնք կդառնան մեր սերնդի, մեր հասակակիցների, մեր ժողովրդի, յուրաքանչյուր հայի ամենօրյա կենսագործունեության գաղափարը»:

 

«Մենք այսօր նախաձեռնել ենք մի շարժում, որն իր հետ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բերելու է թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, առաջ է քաշելու որակական առողջ ու բնականոն սերնդափոխության հարցը: Այս Շարժումը լինելու է մեր սերնդի միասնության, համերաշխության և հաղթանակի շարժումը»,- ասաց Գալստյանը: