Նոյեմբերի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախում էր, հանդիպումներ ունեցավ արցախյան իշխանությունների հետ, քննարկեց տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ծանոթացավ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքին, ասուլիս տվեց, լուսանկարվեց ու վերադարձավ Երևան:
Չարվեց քաղաքական որևէ հայտարարություն, իսկ գործնական քայլերի մասին խոսել, երևի թե, դեռ շուտ է: Դե Կարեն Կարապետյանը մի քիչ պետք է մտածի՝ ինչն ինչպես անի:
Գործադիրի ղեկավարի այցը դեպի Արցախ՝ շատ քննարկվեց, շատ լուսաբանվեց, սակայն որոշ հարցերի մասին այդպես էլ չխոսվեց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, օրինակ, գրավոր հարցում ուղարկեց կառավարություն՝ պարզելու՝ «1.Վարչապետը ո՞ր հյուրանոցում է հանգրվանել, 2. ո՞ր հյուրանոցներում են հանգրվանել ուղեկցող աշխատակիցները՝ օգնականներ, խորհրդականներ և այլք»:
Մեր հարցին ուշագրավ պատասխան ենք ստացել. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արցախ մեկնած պատվիրակության՝ հյուրանոցով ապահովման հարցով զբաղվել է հյուրընկալող կողմը»: Հարգելի՛ ընթերցող, դուք կառավարության պատասխանից հարցին վերաբերող տեղեկություն ստացա՞ք: Ո՞չ: Մենք Ձեզ կտեղեկացնենք: Ինչպես մենք պարզեցինք, վարչապետը հանգրվանել է Արցախի ամենաթանկ՝ «Արմենիա» հյուրանոցում, դե, իսկ պատասխանից երևում է, որ հյուրանոցի ծախսերը հոգացել է Արցախի կառավարությունը:
Չենք մոռացել, չէ՞, թե Արցախն ինչքան խնդիրներ ունի: Իհա՛րկե, չենք մոռացել, բայց դե վարչապետի ծախսերը՝ «աչքիս վրա»:
Քանի որ Արցախի կառավարության հաշվին կազմակերպված այցելությունը մարդաշատ էր՝ խորհրդականներ, օգնականներ, օգնականների մամուլի խոսնակներ ու էլի օգնականներ, կառավարությանը ևս մեկ հարց էինք հղել՝ «Ընդհանուր առմամբ՝ հայաստանյան կողմի պատվիրակության կազմում քանի՞ մարդ է ներառված եղել»:
Պատասխանն իր ուշագրավությամբ չէր զիջում նախորդին՝ «Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել որոշ նախարարներ, որոշ խորհրդականներ և օգնականներ»: Հրապարակային հարց՝ կառավարությանը. դուք հաշվել գիտե՞ք:
Մենք տեղեկություն ունեինք նաև, որ Կառավարությունն այցը լուսաբանելու համար իր հաշվին լրագրողներ է տարել: Դե, չար լեզուները չեն դադարում խոսել, որ Կարեն Կարապետյանը մեծ կարևորություն է տալիս, թե ինչ կգրվի իր մասին և քանի լրատվամիջոցում. «Վարչապետի այցը քանի՞ տեղական լրատվամիջոց է լուսաբանել և ի՞նչ միջոցներով են լրագողները հասել Արցախ»հարցի պատասխանն այսպես ենք ստացել. «ՀՀ վարչապետի այցը լուսաբանել է 7 տեղական լրատվամիջոց»:
Իհարկե, հարցի երկրորդ մասին պատասխան չի տրվել, ծախսերն էլ, ենթադրվում է՝ էլի Արցախի հաշվին են կատարվել. դե, եթե վարչապետն Արցախի հաշվին է գնացել, լրագրողներն ու օգնականներն ինչո՞վ էին պակաս: Հաստատ գիտենք մի բան՝ լրագրողներն էլ իջևանել են մի քիչ էժան, բայց ոչ պակաս հյուրանոցում՝ «Երևան»-ում:
Խնդրել ենք նաև կառավարությանը՝ մեկ թվով տրամադրել ծախսված գումարի չափը, այստեղ հասկանում ենք, որ չեն կարող մեզ թիվ տրամադրել, քանի որ իրենք Արցախի հաշվին են գնացել Արցախին սատարելու. «Բոլոր ծախսերը կատարվել են ոչ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասված է պատասխանում:
Դե ինչ, շնորհակալություն հայտնենք Վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Արցախ գնալու, արցախցու խնդիրները լսելու և Երևան վերադառնալու համար, այսքանը...:
Նելլի Ավետիսյան