Արտաշատում լուրեր են շրջում, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ ԱԺ նախագահի եղբորորդին, կարող են շուտով պաշտոնանկ արվել: Դա կապված է մարզում նախագահի ընտրությանը իշխանության համար ցածր արդյունքներ գրանցելու հետ:
Արարատցիները հետաքրքիր մանրամասներ են պատմում հատկապես ոստիկանապետի վերաբերյալ: Նա մարզի Դիմիտրով գյուղի փեսա է եւ պարծեցել էր, որ այդ գյուղում Սերժ Սարգսյանը 100 տոկոս է «խփելու»: Այնինչ, պարզվել է, որ Սերժ Սարգսյանը ստացել է տասնյակից քիչ ավելի ձայն, իսկ 1000-ից ավելի ընտրող ունեցող գյուղը քվեարկել է ընդդիմության օգտին:
Երեկ էլ, մարզի Արարատ քաղաքում ամենուր փակցրել են Րաֆֆի Հովհաննիսյանի նկարները, որն իրարանցում է առաջացրել Հովիկ Աբրահամյանի «ցեղական վոտչինայում»:
Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի էր ունեցել ավտովթար. Սիմոնյանների ընտանիքի 4 տարեկան տղային անձնական օգտագործման Ռենջ Ռովեր ավոտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արսեն Աբրահամյանի դուստրը: 4 տարեկան տղան ծնողների 5 տարի սպասված առաջնեկ և մինուճար երեխան էր, ով մահացել էր ավտովթարից: Սակայն ոստիկանությունն այդպես էլ ընթացք չէր տվել այս գործին: