Ռուսաստանի Կազան քաղաքում նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ազատ բուրգ» խաղաձևի աշխարհի բիլիարդի առաջնությունը: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքական անդամներ Ավետիս Ավետիսյանը, Ռազմիկ Վարդանյանը և Կորյուն Հովհաննիսյանը:

Առաջնության առաջին փուլում Հայաստանի բիլիարդի բազմակի չեմպիոն Ավետիս Ավետիսյանը 7-1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆայիգ Վելիևի նկատմամբ:

Կորյուն Հովհաննիսյանի և գերմանացի Կոնստանտին Կովալևսկու մրցամարտը ևս ավարտվել է 7-1 հաշվով՝ հօգուտ հայ մարզիկի:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, Հայաստանի 2016թ-ի բիլիարդի չեմպիոն Ռազմիկ Վարդանյանն էլ առաջնությանն իր մասնակցությունը կսկսի երկրորդ փուլից:

Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի «Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները: Առաջնության պարգևավճարի նվազագույն չափն է 1 միլիոն դրամ: