ՀՀԿ կուսակցության նախագահի առաջին տեղակալի թեկնածությունը կորոշվի վաղը կայանալիք ԳՄ նիստի ընթացքում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նաև ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ է: «Դեկտեմբերի մեկին կայանալիք ԳՄ նիստի ժամանակ կներկայացվի այդ պաշտոնի համար առաջադրված թեկնածուն»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե խոսքը մասնավորապես ում մասին է, սակայն պատգամավորը չբացառեց էլ, որ այդ պաշտոնի համար հնարավոր է՝ առաջադրվի կուսակցությանը բոլորովին վերջերս անդամագրված վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց զինվել համբերությամբ և սպասել վաղվա նիստի ավարտին:
«Սովորաբար՝ այդ պաշտոնը զբաղեցում է վարչապետը, որն ունի նաև իր տրամաբանությունը: Մեզ մոտ հիմնականում քննարկվում է Կառավարության աշխատանքը, ու եթե նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանը չանդամագրվեր մեր կուսակցության կազմում, նա անպայման կհրավիրվեր Գերագույն մարմնի նիստերին»,- ավելացրեց Վ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն՝ կուսակցության առաջին տեղակալը դառնում է երկրի վարչապետը, իսկ անկուսակցական Կարեն Կարապետյանն, ով բոլորովին վերջերս է նշանակվել այդ պաշտոնում, օրեր առաջ պաշտոնապես անդամագրվեց ՀՀԿ-ին: Իշխող Հանրապետականի նախագահի առաջին տեղակալներ են եղել ինչպես Տիգրան Սարգսյանը, այնպես էլ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նույնպես ՀՀԿ համագումարի ժամանակ ընգրկվել է կուսակցության ԳՄ կազմում: