Ժողովրդական ասացվածքն ասում է, որ աշնանն է «ձվերը հավաքելու» ժամանակը։ Ավարտվող աշնանը մենք խախտեցինք այդ ավանդույթը՝ «ձվերի հավաքման» ժամանակն երկարաձգելով մինչեւ հաջորդ գարուն։

Ավարտվող աշունը, քաղաքական իմաստով, Կարեն Կարապետյանինն է, ով Մոսկվայի եկամտաբեր աշխատանքը փոխեց Հայաստանի վարչապետի անշնորհակալ պաշտոնով։ Այսպես եմ ասում, որովհետեւ Հայաստանի ոչ մի վարչապետ առայժմ սիրված չի եղել ժողովրդի կողմից՝ ամեն հինգշաբթի սեփական ականջներով լսելով կառավարության շենքի մոտ հավաքվող մարդկանց անեծքների տարափը։

Կարեն Կարապետյանի պարագայում՝ մի փոքր այլ իրավիճակ է։ Հայաստանի իշխանությունն այնքան վարկաբեկված է, որ նրա ֆոնին՝ «սպիտակ աղավնի» կարող է թվալ համակարգից դուրս ցանկացած մեկը, մանավանդ, եթե նա ինտելեկտուալ է ու իրեն հակադրում է համակարգին՝ խոստումներով, մի քանի օդիոզ կերպարների կառավարությունից դուրս թողնելով։ Սա է պատճառը, որ մարդիկ՝ թեկուզեւ ավանսով, Կարեն Կարապետյանին հավատում են։ Պարադոքսալ է, որ այս հարցում՝ Սերժ Սարգսյանի ու ժողովրդի «ճաշակը» համընկնում է։ Տարբեր են հավատի շարժառիթները, տրամագծորեն տարբեր ու հակադիր։ Սերժ Սարգսյանը կարծում է, թե Կարեն Կարապետյանի «մարդկային դեմքն» իշխանությունը վերարտադրելու շանս է։ Հասարակության համար նույնպես՝ Կարեն Կարապետյանը շանս է, բայց՝ գործող իշխանությունից ազատվելու համար։

Անցնող աշունը չբացահայտեց Կարեն Կարապետյանին ու մեզ մնում է սպասել «ձվեր հավքելու» ժամանակին, երբ գոնե ընդհանուր գծերով կբացահայտվի վարչապետի քաղաքական այցեքարտը։

...Ավարտվող աշունը Կարեն Կարապետյանինն էր։ Առայժմ այդ աշունն ունի բացառապես ժամանակային նկարագրություն, սակայն կարող է դառնալ նաեւ «քաղաքական մայրամուտի» հոմանիշ, երբ Կարեն Կարապետյանից սպասելիքներ ունենան միայն իշխանության միջանցքներում։ Ժողովուրդն այդպիսին է. մեկով արագ ոգեւորվում է, որպեսզի հետագայում կարողանա ատել։

Համենայն դեպս՝ Հայաստանում։ Համենայն դեպս՝ վարչապետների պարագայում։

Սարգիս Հակոբյան