Սփյուռքահայ արվեստագետ Էրիկ Նազարյանը ևս այն կարծիքին է, որ սփյուռքը պետք է իր մասնակցությունն ունենա գալիք խորհրդարանական ընտրություններում: Նա ևս միացել է «Արդարություն հանուն Հայաստանի» ստորագրահավաքին: Այսօր հրավիրված քննարկմանը արվեստագետը շեշտեց, որ հայ լինել՝ չի նշանակում միայն խորոված ուտել, ջան-ջիգյար ասել ու Հայաստանում ապրել. «Հայ լինել, նշանակում է նաև զգալ քո ինքնությունն ու ժողովրդի էությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ժամանակն է սփյուռքի հետ հարաբերություններում էական լրացումներ կատարելու: «Անհրաժեշտ է միասին ներկայացնել ու իրականցնել ծրագրեր և միասնական պահանջել»,- շեշտել էր նախագահը, բայց միևնույն ժամանակ ընդգծել, որ այսօր դատավորի դեր են ստանձնում այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ Հայաստանում չեն ապրել:
«Հուլիսյան իրավիճակն այսօր ինձ համար դարձել է էության հարց: Երբ որ մենք տեսանք, թե ոստիկանն ինչպես է տատիկին ապտակում, մարդկանց պատեհ ու անպատեհ լցնում մեքենան ու տանում, մենք հասկացնաք, որ մեզ մոտ՝ Հայաստանում, մարդու իրավունքներն ամբողջությամբ վերացվել են: Եվ այս ամենը ոչ թե զուտ քաքաղաքական խոսքեր են, այլ էություն: «Սասնա Ծռեր»-ն ինձ համար էության հարց է»,-շեշտեց նա:
Նա ընդգծեց նաև, որ պետության մասին խոսելուց զատ, մենք պետք է հասկանանք, թե որպես ազգ ինչպես ենք կայացել: «Մենք միշտ ասում ենք՝ հայ ենք, առաջին քրիստոնյա ազգը, առաջին ցեղասպանություն վերապրածը, բայց մոռանում ենք մարդու իրավունքների ու բարձր արժեքների մասին: Մենք նախ պետք է հասկանանք, թե որտեղից պետք է սկսենք, թե իբրև ազգ ինչպես ենք կայացել, և ինչ պետք է անենք, որպեսզի այդ խնդիրներրը լուծենք: Այս ամբողջ պայքարը, որ մենք նախաձեռնել ենք, ուզում ենք հասկանալ, թե որպես ժողովուրդ, պետություն, որպես մշակույթ ու սփյուռք՝ ինչպես ենք կայացել: Փաստորեն, մենք այսօր ոչինչ չունենք: Սփյուռքը բանկոմատ է, երբ որ Հայաստանին ինչ-որ բան է պետք լինում: Մեզ դիմում են, բայց պետության հարցերի վերաբերյալ մենք ձայն չունենք: Այդ է պատճառը, որ մենք ուզում ենք մեր ժողովրդի կողքին լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին՝ նա նշեց, որ առաջիկա ընտրությունների հետ կապված՝ հայկական սփյուռքը մեծ հույսեր է կապում. «Առօրյա մարդը (խմբ.- նկատի ունի ՀՀ քաղաքացիներին) պետք է հասկանա, որ պետք է իր ձայնի տերը լինի: Սփյուռքը ևս պետք է զգա, որ կարող է իր ձայնը բարձրացնել, որովհետև մենք նույնպես հայ ենք»,- ասաց նա՝ նկատելով նաև, որ այսօր Հայաստանում չկա նաև ընդդիմություն: