ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նոր վարչակազմը լավագույնը կլինի Միացյալ Նահանգների ողջ պատմության մեջ:
«Ես կարծում եմ, որ մենք նախարարների հոյակապ կաբինետի ձեւավորման գործընթացում ենք, որպիսին դեռ չի եղել մեր երկրի պատմության մեջ»,- ասել է նա Այովայի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում: Թրամփն այժմ շրջագայություն է կատարում, որպեսզի շնորհակալություն հայտնի նախագահական ընտրություններում իր օգտին քվեարկած ընտրողներին:
Նա նշել է, որ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավար պաշտոնների բոլոր թեկնածուները «հիանալի հասկանում են այն աշխատանքի կարեւորությունը», որը նրանք անելու են, ինչպես նաեւ «տաղանդավոր, խելացի մարդիկ են»:
Նա այս հայտարարությունն արել է ԶԼՄ-ների եւ Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից քննադատության ֆոնին, որոնք նշում են, որ նոր կառավարությունում չափազանց շատ են ամերիկյան խոշոր բիզնեսի եւ պաշտոնաթող զինվորականների ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: