Քիչ առաջ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Գյումրու կենտրոնում՝ Ամենափրկիչ եկեղեցու մոտ աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, ասեղ գցելու տեղ չկար, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Գյումրու սոցիալապես անապահով բոլոր բնակիչները՝ նամակները ձեռքերին, մի մարդու պես եկել էին Գագիկ Ծառուկյանին տեսնելու ու օգնություն խնդրելու: Նույնիսկ եկել էին նրանք, որոնք ձեռնափայտերով էին ու չէին կարողանում սառցակալված փողոցներում նորմալ տեղաշարժվել։

Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ընդունեցին ծափահարություններով, ամեն քայլափոխի շրջապատում էին, փակում ճանապարհը, վերջինս չէր կարողանում տեղաշարժվել։ Նա մի կերպ կարողացավ իր ծաղկեպսակը դնել երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին, բայց քիչ էր մնում գցեին ծաղկեպսակը։ Երբ Գագիկ Ծառուկյանը շարժվեց դեպի «Յոթվերք» եկեղեցի՝ մոմեր վառելու, բազմությունը նրա հետևից շարժվեց ու մի իրարանցում էլ սկսվեց եկեղեցում։ Եկեղեցուց դուրս գալուց հետո գյումրեցիները չէին թողնում Գագիկ Ծառուկյանին հեռանալու, նրան մի կերպ նստեցրեցին մեքենա։ Գագիկ Ծառուկյանը այցելել Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակներ, այնուհետ եղավ «Շիրակ» կենտրոնում՝ այս կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին էլ 30 միլիոն դրամ տրամադրեց սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։

Տեղի լրագրողները ծիծաղելով ասում էին՝ «Վարչապետն էլ եկավ, ո՞վ էսպես գլուխը ջարդեց նրան տեսնելու համար»։ Ամենատխուրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի այցը մեկ անգամ ևս ի ցույց դրեց Գյումրու սոցիալապես թշվառ վիճակը, ապացուցեց, որ գյումրեցիների մեծ մասը ծայրահեղ պայմաններում է։

Մանրամասն` aravot.am-ում: