«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները օրեր առաջ դիմում նամակով դիմել էին «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, քանի որ հենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:

 

Նաիրիտցիները տևական ժամանակ պայքարում էին իրենց աշխատավարձերի պարտքը ստանալու, ապա՝ գործարանը վերագործարկելու համար: Պայքարը շարունակվում է՝ անկախ գործարանը սնանկ ճանաչելու հանգամանքից: ԼՈՒՐԵՐ.com-ին գործարանի աշխատակից, համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ ստացել են Սամվել Կարապետյանին ուղղված նամակի պատասխանը: Պատասխանում նշված է, որ «Տաշիր գրուպ»-ը որևէ կերպ չի խոչընդոտի գործարանի հնարավոր առողջացմանը: 

 

Ի դեպ՝ գործարանի ավելի քան 250 աշխատակից մոտ 4 ամիս է՝ աշխատավարձ չի ստացել: Գրեթե ամեն օր վերջիններս դուրս են գալիս փողոց՝ պայքարելու իրենց ոտնահարված իրավունքների համար: 4 ամսվա աշխատավարձը կազմում է մոտ 164 մլն դրամ: 

 

Քրիստինա Աղալարյան