ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների այսօրվա ջերմացման գործընթացի վրա՝ տվյալ դեպքը, բացասական առումով, դժվար թե ազդի: 

 

«Ես կարծում եմ՝ հաշվի առնելով Պուտին-Էրդողան՝ առավել քան գործընկերային հարաբերությունները և իրար հետ համագործակցելու նախագծված հեռանկարները, նույնիսկ՝ ավելի կկոնսոլիդացնի: Սակայն, այնուամենայնիվ, այս իրադարձությունը Թուրքիայի ղեկավարությանը ձեռք չէր տալիս: Անգամ Էրդողանն է կարծում, որ դա սադրանք էր: Դա իսկապես սադրանք էր, որպեսզի վիժեցնեն թե՛ ռուս-թուրքական պրոցեսները, թե՛ ռեգիոնում որոշ պրոցեսներ՝ կապված Սիրիայի հետ: Հիմա Սիրիայի շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ աստիճանաբար գեոքաղաքական կենտրոնները մոտենում են ինչ-որ մի հանգրվանի, որը ենթադրում է որոշակի հանգուցալուծում, ազդեցության ոլորտների բաժանման շեմին են կանգնած կենտրոնները: Այստեղ, բացի Ռուսաստանից, Թուրքիան ևս ունի իր հետաքրքրությունները և իր շահերը պաշտպանելու իրավունքը՝ Ռուսաստանի թողտվության շնորհիվ»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը: 

 

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այս դեպքը, բացի ռուս-թուրքական ստրատեգիական հարաբերություններից, կկոնսոլիդացնի նաև Իրանին. «Եթե չեմ սխալվում, այսօր երեք երկրների արտգործնախարարները հանդիպելու են՝ անկախ երեկվա դեպքերի զարգացումից: Ակնհայտ է, որ այդ հանդիպումը լինելու է Սիրիայի շուրջ»:

 

Ըստ Հակոբյանի՝ տարածաշրջանում բավական շատ կողմեր կան, որոնք շահագռգռված են ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ: «Նույն Մերձավոր Արևելքում՝ կան ուժեր, որոնք շահագրգիռ չեն Սիրիայի այսօրվա իրավիճակով, որը ստեղծվել է Հալեպի ազատագրումից հետո: Ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ շահագրգռված են այն ուժերը, որոնց ձեռք չի տալիս Սիրիայում ապագա ստատուս քվոն: Այնտեղ այնքան բազմավեկտոր է ամեն ինչը, նույն Սաուդիան Արաբիան Իրանի հետ ունի հարցեր, օրինակ եմ ասում, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների մասին, այդ թվում՝ այն կենտրոնների, որոնք մինչև վերջերս աշխարհում դոմինանտ դեր էին կատարում, բայց հիմա, Թրամփի հաղթանակից հետո, որոշակի փոփոխություններ են լինում համաշխարհային էլիտայում: Սիրիայի հարցով այնքան մեծ շահերի բախում կա, այնքան մեծ պրոցեսներ են գնում Մերձավոր Արևելքում, որ ակնհայտ է, որ ռուս-թուրքական ջերմացումը լուրջ ուժի կենտրոն է ստեղծում Միջին Արևելքում»,- շեշտեց քաղաքագետը: 

 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ելույթի ընթացքում սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունն իրականացրած Մևլութ Մերթը ոստիկանության նախկին ծառայող է եղել: 

 

Քրիստինա Աղալարյան