Disney-ը դարձել է առաջին ստուդիան, որը տարվա ընթացքում համաշխարհային վարձույթում վաստակել է ռեկորդային յոթ միլիարդ դոլար, տեղեկացնում է Variety-ն:
Ընկերությանը ֆինանսական հաջողություն են բերել «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆանտաստիկ մարտաֆիլմն ու «Որոնելով Դորիին», «Ջունգլիների գիրքը» եւ «Գազանաքաղաք» մուլտֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրը վարձույթում վաստակել է շուրջ 1 մլրդ դոլար: Ստուդիայի համար շահութաբեր է եղել նաեւ «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ» (վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում 300 մլն դոլար), «Դոկտոր Սթրենջ» (652 մլն դոլար) ժապավենները եւ «Մոանա» անիմացիոն ֆիլմը (280 մլն դոլար):
2016 թվականին Disney-ի ձախողված նախագծերի թվում են՝ «Ալիսան Հայելիների աշխարհում» կինոնկարը, որով ընկերությունը վաստակել է 299 մլն դոլար, եւ Սթիվեն Սփիլբերգի «Մեծ եւ բարի հսկան» հեքիաթը, որի դրամամուտքը վարձույթում կազմել Է 117,9 մլն դոլար: