Բանանի շուկայում գների կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է ամանորյա տոներով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանան ներկրող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Վահրամ Միրաքյանն, ով Հայաստան սկսել է բանան ներկրել բոլորովին վերջերս:

 

«Մոտ 20-25 օր շարունակ գներն ընկած էր, բայց նորից բարձրացան: Մինչ օրս՝ սուպերմարկետների ցանցերից մեկում բանանն իրացվել է 600-650 դրամով, բայց այսօր կրկին գները բարձրացել են: Հետաքրքիրն այն էր, որ իջնելու ժամանակ ոչ ոք չանդրադարձավ, բայց այսօր դրան բոլորն են անդրադառնում»,- ասաց նա:

 

Միրաքյանի խոսքով՝ բանանի կտրուկ գնաճը հիմնականում պայմանավորված է ամանորյա տոներով, որի ընթացքում բանանի պահանջարկը մի փոքր մեծանում է: «Սովորության համաձայն՝ տոն օրերին հայաստանյան շուկայում ոչ միայն բանանի, այլև մյուս ապրանքների գները բարձրանում են»,- նկատեց նա:

 

Վահրամ Միրաքյանը չի բացառում, որ տոնական օրերին բանանի շուկայում կտրուկ գնանկում նկատվի, բայց այս պահի դրությամբ հստակ ոչինչ ասել չի կարող: «Իմ տեղեկություններով՝ մոտ օրերին Հայաստան կներկրվի ևս մի քանի ավտոմեքենա բանան, սակայն դա երբ կլինի, դժվարանում եմ ասել, քանի որ Լարսի անցակետի հետ կապված՝ կան ինչ-ինչ խնդիրներ: Զուտ Լարսի խնդիրն է, իսկ բանանը շուտ փչացող է: Եթե հասցնեն մտնել Հայաստան, ապա չի բացառվում, որ բանանի շուկայում նորից գների անկում նկատվի»,- ասաց նա:

 

Միրաքյանը նկատեց նաև, որ այդ պատճառով այսօր շատերն են վախենում բանանի ներկրմամբ զբաղվել, քանի որ մեքենաները մի քանի օր շարունակ մնում են Լարսում. «Չի բացառվում, որ Լարսի հետ կապված խնդիրը ևս նպաստի գնաճին, քանի որ մարդիկ դժվարանում են այն տեղ հասցնել: Կան նաև Վրաստանից ներկրողներ, բայց նրանք քիչ են: Գուցե մինչև Ամանոր գները նորից ընկնեն, բայց եթե մինչ այդ չլինի, ապա դրանից հետո անպայման կէժանանա»:

 

Մեր դիտարկմանը՝ սահմանում ինչ-որ խոչընդոտ եղե՞լ է ընկերության համար, Վահրամ Միրաքյանը նշեց՝ բացարձակ. «Սահմանում արդեն տեղյակ էին, որ բանան ենք ներմուծելու: Այսինքն՝ ինֆորմացիան հասել էր նրանց»,- ասաց նա:

 

Ճշտող հարցին՝ այսինքն, չե՞ք բացառում, որ տեղյակ են եղել այդ մասին, դրա համար էլ չեն խոչընդոտել, Միրաքյանը հավելեց. «Չեմ կարող ասել, բայց այն, որ տեղյակ են եղել՝ հաստատ: Այս գործընթացը, փաստորեն, վիրուսային էֆեկտ ստացավ, ինչը նպաստեց բանանի շուկայում մենաշնորհի վերացմանը»,- եզրափակեց նա:

 

 Արմինե Եփրեմյան