Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայացել. Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը գտնվում է արձակուրդում: Նշենք, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործով կալանավորված Արմեն Սահակյանն արդեն 20 օրից ավելի է՝ ինչ գտնվում է հացադուլի մեջ և հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ջրադուլի՝ բողոք հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկում իրեն չեն այցելել՝ իր առողջական վիճակի մասին հետքրքրվելու համար:

 

Խնդրի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ: Մեր հարցադրմանը՝ Տեր-Սահակյանին իսկապե՞ս հացադուլում գտնվելու շրջանում ոչ ոք չի այցելել, պարոն Ղլեչյանը պատասխանեց. «Դե, եթե ասել է, որ իրեն չեն այցելել, ուրեմն էդպես է, հո սուտ չի ասել: Իսկ այն, որ հայտարարել է, թե պատրաստվում է ջրադուլի դիմել, իր գործն է, ես ոչինչ ասել չեմ կարող. ի՞նչ անեմ, գնամ արգելե՞մ, այս պահին դեռ նման բան չկա»,-ասաց պարոն Ղլեչյանը՝ հավելելով, որ Արմեն Տեր-Սահակյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

 

Հիշեցնենք, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմումին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը տվել էր դրական պատասխան, հիմք ընդունելով այն, որ նա չունի ոչ մի տույժ, կարգապահական որևէ խախտում:

 

Որոշման կատարումը, սակայն, հետաձգվել է, և Տեր-Սահակյանն իր բողոքն արտահայտում է նման ծայրահեղ մեթոդներով:  

 

Աղավնի Սուքիասյան