«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Հանրապետական կուսակցության համագումարից հետո հայաստանյան քաղաքական կյանքի ամենասպասված իրադարձություններից մեկն արդեն ՀԱԿ համագումարն էր՝ թերևս միայն այ պատճառով, որ այստեղ ելույթ էր ունենալու Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ընդհանրապես առաջին նախագահի բոլոր ելույթներն ու հոդվածները մեծ ռեզոնանս են առաջացրել հասարակական–քաղաքական կյանքում։ Իրավիճակը կրնկնվեց նաև ՀԱԿ համագումարից հետո, երբ հայաստանյան լրատվական և սոցցանցային տիրույթները բառացի բաժանվեցին երկու մասի՝ մի կողմը անվերապահորեն իդեալականացնում էր Տեր–Պետրոսյանի ծրագրային ելույթն ու իր կողմից առաջ քաշած սկզբունքները, որոնք այնքան էլ նոր չէին, մյուս կողմը ուղղակի զբաղված էր բավական ցածր մակարդակի վիրավորանքներով։ Հենց այստեղ էլ թերևս կայանում է հայաստանյան քաղաքական դաշտի ամենամեծ ողբերգությունը։ Ըստ էության Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում հանդես եկավ քաղաքական հայեցակարգի հստակ ձևակերպմամբ։

 

Այստեղ բոլորովին էլ խոսքն այն մասին չէ, արդյոք այդ հայեցակարգը իրավիճակային է, սկզբունքային է, լավն է թե վատն է, խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի կոնցեպտ, որով, այսպես թե այնպես, շարժվում են հայաստանյան իշխանությունները՝ ինչքան էլ որ այդ փաստը չխոստովանեն։ Թվում էր, թե այս կոնցեպտին պետք է հակադրվեին այլ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված հայեցակարգերը, պետք է բուռն քննարկում գնար քաղաքական օրակարգերի ձևավորման ու ընդհանրապես նշված խնդրի շուրջ հստակ դիրքորոշման գալու շուրջ։ Սակայն պարզվեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե միակ քաղաքական տեքստ մատուցողը։ Սա, ըստ էության, այդ քաղաքական դաշտի ամենամեծ ողբերգությունն է։ ՀԱԿ համագումարից հետո մինչ օրս այդպես էլ Տեր–Պետրոսյանի հասցեին ուղղված տարատեսակ էժանագին հիշոցներից այն կողմում այլ քննարկում տեղի չունեցավ։

 

Սա նշանակում է մեկ բան, հայաստանյան քաղաքական ուժերը կամ պարզապես վախենում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայաստանի զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել, կամ չունեն նման դիրքորոշում, կամ էլ պարզապես շատ հեռու են քաղաքական գործունեության բովանդակության ընկալումներից։

 

Հենց այս պատճառով նաև, հարկ համարեցինք ՀԱԿ համագումարում Լևոն Տեր–Պետրոսայնի ելույթին անդրադառնալ նրա արձագանքների տեսանկյունից։ Սակայն, ըստ էության, հիշարժան որևէ արձագանք չեղավ։ Մինչդեռ կարող էին լինել առնվազն քաղաքական լուրջ քննարկումներ ենթադրող հարցադրումներ։

 

Մասնավորապես, արդյոք Հայաստանում ներկայում տիրող իրավիճակը միան հակամարտության և պատերազմի արդյունքն է, թե հայաստանյան վարչակարգի, կոռուպցիայի, հովանավորչության և մենաշնորհների։

 

Արդյոք հայաստանյան և ղարաբաղյան հասարակությունները պատրաստ են որևէ փոխզիջումային տարբերակով հակամարտության կարգավորմանը։ Արդյոք միայն Հայաստանի պատրաստակամությունը փոխզիջումային տարբերակով հակամարտության լուծման համար բավարար է և այլն։ Սակայն նման հարցադրումների և քաղաքական բանավեճի փոխարեն հայկական ֆեյսբուքում նման հարցերի փոխարեն սկսեցին հիշել հին ու նոր վիրավորանքները, «էլ քաչալ շուն, էլ գող փիսո» տրամաբանության մեջ։ Սակայն պետք է նշել, որ անկախ նրանից, թե ինչքանով էին Տեր–Պետրոսյանի գնահատականները համարժեք առկա իրականությանը, պետք է փաստել, որ գոնե առաջին նախագահի ելույթը հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող խոսակցությունները փոքր–ինչ հետ բերեցին քաղաքական տեքստի, քանի որ մինչ այս հիմնական թեման Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ կուսակցությունն էր։

 

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: