Դատելով ամենայնից' Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում սպասվող կարևորագույն իրադարձություններից մեկն իրեն այնքան էլ երկար սպասեցնել չի տա, ու մոտակայում Ծառուկյանն այլևս պաշտոնապես կհայտարարի իր' ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին: Իսկ սպասվելիք իրադարձության նկատմամբ դրսևորվող գերհետաքրքրության առիթ թե՛ հասարակությունը, թե՛ հասարակական-քաղաքական դաշտն իրոք որ ունի, չէ՞ որ ակնկալվում է, որ հենց Ծառուկյանն է դառնալու այն միակ իրական հակակշիռը, որի շնորհիվ հնարավոր է լինելու դաշտում ռեալ բալանս ապահովել, կոնսոլիդացնել հասարակության մեջ գոյություն ունեցող առողջ ուժերն ու հասարակական-քաղաքական դաշտում միանգամայն նոր մթնոլորտ ձևավորել:
Թե հատկապես ինչ ձևաչափով է Ծառուկյանն առաջիկայում պատրաստվում ակտիվ քաղաքականություն վերադառնալ, չնայած հնչող կարծիքների բազմազանությանը, կարծես արդեն իսկ ուրվագծվում է, ու, ամենայն հավանականությամբ, վերադարձն այդ՝ կայանալու է վերկուսակցական ֆորմատի դաշինքի ստեղծման ճանապարհով. Ծառուկյանն առաջիկայում փորձելու է իր շուրջը համախմբել հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին ու ուժերին' նպատակ ունենալով երկրի ներսում հասնելու այնպիսի փոփոխությունների, որոնք վաղուց պահանջարկված են, որոնց կարիքը տարիներ շարունակ զգացվում է հենց հասարակության ներսում. նա հենվելու է ինտելեկտուալ, չվարկաբեկված, աշխատասեր ու հաջողակ մարդկանց վրա, որոնց ներուժը բավարար կհամարվի երկրում իրական բարեփոխումների գործընթաց սկսելու ու այն գլխավորելու համար:
Այն մասին, որ 2017-ի ընտրություններն իրենց որակով ու բովանդակությամբ, հնարավոր է՝ էականորեն չտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից, խոսվում է վաղուց: Այս տխուր հեռանկարը, պետք է խոստովանել, այնքան էլ անիրատեսական չէ' հաշվի առնելով այն, թե ինչ դեմքեր են առավելապես ներգրավված համապատասխան գործընթացներում. գործնականում չկա մեկն, ում ժողովուրդը դժբախտություն ունեցած չլինի ճանաչել «մոտիկից», սեփական մաշկի վրա զգացած չլինի մաքուր պրոպագանդայի ու իրականության միջև գոյություն ունեցող խոր տարբերությունը: Այլ խոսքերով' որքան էլ փորձ արվի «հին գինին նոր տիկեր լցնելու», առնվազն անհեռատես մեկը պետք է լինել' չհասկանալու, որ իրական փոփոխությունների հասնելու համար՝ դաշտում առկա «կադրային ռեզերվն» իրեն վաղուց սպառել է: Հետևաբար' ապրիլյան ընտրությունների արդյունքում ձևավորվելիք ապագա խորհրդարանը որակական միանգամայն այլ պատկեր կարող է ունենալ միայն այն պարագայում, եթե հնարավոր դառնա քաղաքական դաշտում սկիզբ դնել ոչ թե կեղծ, այլ իրական սերնդափոխության պրոցեսի, առաջ բերել գործիչների, որոնք ընկալելի կլինեն ժողովրդի կողմից:
Այս իմաստով' պետք է նկատել, որ առաջիկա ընտրություններին հաջողությունն ուղեկցելու է այն քաղաքական միավորին, որն իր հիմնական խաղադրույքը կանի հենց սրա վրա. ոսկե սարեր էլ խոստանաս, եթե հասարակության մեջ քո թիմը վարկաբեկված է, ոչ ոք քեզ չի հավատալու' թեկուզ «կաշվիցդ էլ դուրս գաս»: Հետևաբար' առաջիկայում կհաջողի այն քաղաքական միավորը, որն այնքան իմաստուն կգտնվի, որ առաջինը կպարզի սերնդափոխության դրոշն ու իր շուրջը կհամախմբի առողջ իդեաներով ներշնչված հասարակական այն շերտին, որ թեպետ ունի պոտենցիալ' երկրում փոփոխություններ իրականացնելու, բայց մի շարք սուբյեկտիվ գործոններով պայմանավորված' նախկինում հնարավորություն չի ունեցել գաղափարներն այս՝ կյանքի կոչելու:
Անկասկած, Ծառուկյանի նորարարությունը կայանալու է հենց այն բանում, որ նա առաջինն է լինելու, ով, գիտակցելով այս պարզ ճշմարտությունը, դառնալու է քաղաքական դաշտի սերնդափոխության այն միակ լոկոմոտիվն, ում շնորհիվ այս գործընթացը կրելու է ոչ թե ձևական բնույթ, այլ' էական, առանց որի դատապարտված ենք բոլորս:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ