Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, որ, պետք է նկատել, բավական, լայն արձագանք գտավ ինչպես հասարակության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի ու դեմքերի կողմից, պարզվում է՝ դեռևս շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ՝ կամա-ակամա դառնալով նույնիսկ ներքաղաքական շատ կոնկրետ պրոցեսների հիմք ու պատճառ:
Բանից պարզվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բավական անակնկալ կերպով որոշել է պատասխանել այն բոլոր արձագանքներին, որ հետևել են իր ելույթին: Ինչո՞ւ անակնկալ, քանի որ նրա ելույթները, չնայած գրեթե տարբեր ժամանակներում մշտապես տարբեր արձագանքների են արժանացել, այդ թվում՝ կոշտ քննադատության և անգամ պիտակավորումների, սակայն որպես կանոն դրանց այդպես էլ չի հետևել Տեր-Պետրոսյանի պարզաբանումը: Այս անգամ խնդրո առարկա, ըստ էության, հանդիսացել է ԼՂ հարցի շուրջ նրա կատարած հայտարարությունները, որոնք չափազանց խիստ գնահատականների էին արժանացել շատերի, բայց հատկապես Սեյրան Օհանյանի կողմից, ով ֆեյսբուքյան իր գրառմամբ փորձել էր հակադարձել Տեր-Պետրոսյանի՝ շատերի կարծիքով ոչ այնքան հայրենասեր ելույթին:
Տեր-Պետրոսյանը նախ շտապել է հմտորեն իր վրայից որոշակիորեն թոթափել պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե դեկտեմբերի 17-ին ինքը ոչ թե ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ինքը կամ Հայ Ազգային Կոնգրեսը որևիցե կապ չունեն։ Այնուհետև շտապել է պիտակավորել նրանց, ովքեր իբր ճիշտ չեն հասկացել իր բուն ասելիքը:
Համաձայնե՛ք, որ այս հեռակա գզվռտոցը միգուցե այնքան էլ ուշագրավ չլիներ, եթե գաղափարական այս օպոնենտներին չշաղկապեր մի չափազանց կարևոր հատկանիշ. նրանք երկուսն էլ՝ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Օհանյանն ընդդիմադիրներ են, ընդ որում՝ «կատաղի»: Իսկ պատկերացնելու համար, թե ինչ կարող է նշանակել կամ ինչ հետևանք կարող է ունենալ ընտրությունների նախաշեմին ընդդիմության շրջանում սկիզբ առնող գզվռտոցը, բավական է ընդամենը հետհայացք գցել Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին տարիների անցուդարձին. հենց ընդդիմության ներսում նմանօրինակ գզվռտոցներն են պատճառ դարձել ընդդիմության այն ողբալի վիճակի, որում հիմա այն գտնվում է:
Փաստորեն՝ փոխարենն ուժերը մեկտեղելու, գոյություն ունեցող տարաձայնությունները գոնե ժամանակավորապես մի կողմ դնելու ու ընդհանուր մրցակցի՝ իշխանության դեմ համախմբվելու՝ մարդիկ որոշել են միմյանց «կոկորդ կրծել» ու իբր գաղափարական բատալների դուրս գալ՝ «ով է ամենահայրենասերը մեզանից» կոնտեքստում: Հետո էլ ոմանք զարմանում են, թե ինչպես է ստացվում, որ մեզանում նորմալ, խելքը գլխին ընդդիմություն այդպես էլ չի ձևավորվում: Է՛, ինչպե՞ս կարող են առաջիկա ընտրությունները դույզն ինչ անհանգստություն առաջ բերել իշխանությունների մոտ, եթե ընդդիմադիր ուժերը միմյանց միջև հարաբերություններ պարզելով են զբաղված:
Իսկ այս ամենը կարող է վկայել ընդամենը մեկ բանի մասին՝ այս ուժերն իրենց առջև խնդիր են դրել ոչ թե դառնալու ժողովրդի ծառաներն ու նրա բողոքի ձայնն իշխանություններին հասցնողներն, այլ էժանագին փիառի միջոցով իբր շահել հասարակության որոշակի հատվածի համակրանքը. ճակատագրական ընտրություններից առաջ կոնսոլիդացվելու փոխարեն, սրանք կրկին պառակտվում են, ինչի արդյունքում շահելու է միայն իշխանությունը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ