Ֆրանսիայի ոստիկանությունն ազատ է արձակել ևս չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել էին ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կոպոպտման գործի հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը:
Չորս ձերբակալվածների՝ երեք տղամարդու եւ մեկ կնոջ, բաց են թողել հունվարի լույս 12-ի գիշերը, ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ձերբակալվածներից մնացածները կարող են կալանքի տակ գտնվել մինչեւ 96 ժամ կամ դատավորի որոշմամբ:
Կալանքի տակ մնացած տասը հոգուց մի քանիսը խոստովանել են, որ անմիջականորեն մասնակցել են կողոպտմանը, «Ֆրանսպրես» գործակալությանը հունվարի 12-ին հայտնել է դատական աղբյուրը:
Հունվարի 10-ին ոստիկանությունն ազատ էր արձակել այս գործով ավելի վաղ ձերբակալվածներից չորսին, այդ թվում՝ Քարդաշյանի վարորդին:
2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:
Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: