Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Այս մասին ասաց նա՝ հանդես գալով հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում դարձավ լայն քննարկումների թեմա: Արդյոք ԲՀԿ-ի նախկին առաջնորդի մուտքը կփոխի հայաստանյան քաղաքական դիմապատկերը և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել քաղաքագետ Գագիկ Համբարյանից:
Ըստ մեր զրուցակցի՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը սպասելի էր. «Ծառուկյանի վերադարձին միայն մեկ հայտարարություն էր պակասում, ինչն էլ նա լրացրեց այսօր»:
Խոսելով Ծառուկյանի վերադարձի հետ կապված ակնկալիքների և սպասումների մասին՝ Գագիկ Համբարյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը տեղին է, քանի որ նա մեծ ընտրազանգված ունի, որը նրա հետևից անպայման կգնա»:
Խոսելով այն ֆորմատի մասին, որով Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործունեություն կծավալի ընտրություններին ընդառաջ, քաղաքագետն արձագանքեց. «Ես չեմ ասի, որ համախմբում կտեսնենք, ինչը եղել էր մինչև 2015 թիվը, բայց այն, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի հասարակության մոտ և կարող է շատ խնդիրներ ստեղծել Ազգային ժողով ներթափանցելու համար պայքարող քաղաքական ուժերի համար, փաստ է»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով քաղաքական թեժ մրցապայքարին պատրաստվող փոքր կուսակցությունների և դաշինքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրն այն է, որ նրանք չունենալով համապատասխան մարդկային և նյութական արժեքներ կարող են դուրս մնալ Ազգային ժողովից: Իսկ նորաստեղծ դաշինքների խնդիրն այն է, որ նրանք հասարակությանը քիչ են ծանոթ, և փիառի ժամանակը նրանց համար շատ քիչ է, որպեսզի հասարակությանը ցույց տան՝ ով են իրենք: Ես կողմ չեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն մեկ դաշինքի մեջ, բայց այն, որ մեր ընդիմադիր ուժերը պառակտված մասնակցելով ևս մեկ անգամ կապացուցեն, որ իրենք շատ թույլ են, դա ևս փաստ է: Նրանց միակ ելքն այն է, որ միավորվեն մի քանի դաշինքների մեջ և փորձեն պայքարել իշխանությունների դեմ»,- ասաց Համբարյանը՝ շարունակելով, որ մեր ընդդիմադիր դաշտում ներկա քաղաքական ուժերի գլխավոր խնդիրն այն է, որ նրանք պայքարում են ոչ թե ՀՀԿ-ի դեմ, այլ՝ մեկը մյուսի:
Սոնա Հարությունյան