Ամերիկացի թոփ-մենեջերների աշխատավարձերը միջին հաշվով 130 անգամ գերազանցում են շարքային աշխատակիցների վաստակած գումարները: Այս տվյալները ներկայացրել են Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի բանավեճերի մասնակիցները, տեղեկացնում է Rambler News Service-ը:

1970-ական թվականներից ի վեր ԱՄՆ-ում թոփ-մենեջերների աշխատավարձերն աճել են 1000 տոկոսով, աշխատողների աշխատավարձերը՝ միայն 11 տոկոսով:

Քսան տարի առաջ ընկերության ղեկավարը միջին հաշվով 45 անգամ էր ավելի շատ ստանում, քան շարքային աշխատակիցը: Այժմ այդ հարաբերակցությունը կազմում է 1-ը առ 130, հետեւում է համաժողովի նյութերից:

Հիմնականում այս վիճակագրությունը վերաբերում է խոշոր հանրային կորպորացիաներին, նշել է Ռաջիվ Վասուդիվան՝ Egon Zehnder ռեկրուտինգային ընկերության տնօրենը: Egon Zehnder-ի հետազոտության համաձայն, ընկերությունների 85 տոկոսն իրենց տնօրենների աշխատավարձերը համարում են համարժեք:

Ավելի վաղ Oxfam ոչ կառավարական կազմակերպությունը, որն զբաղվում է աղքատության դեմ պայքարով, հաշվետվություն է ներկայացրել այն մասին, որ աշխարհում ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար է 3,6 մլրդ մարդու կապիտալին: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, գնահատվում է 75 մլրդ դոլար: Հաշվետվության մեջ նաեւ նշվում են Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (44,6 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բեֆեթը (60,8 մլրդ դոլար), մեդիա-մագնատ եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար), Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (45,2 մլրդ դոլար), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (43,6 մլրդ դոլար), ինչպես նաեւ իսպանացի ձեռնարկատեր, Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար):