Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը,-այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Նախաքննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երևանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել Տրանս Ունիվերսալ շինարարական ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաև պայթուցիկ նյութ: Մասնավորապես, փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաև ֆենազեպամ և տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ:
Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որևէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների և պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը' իրեն վնասելու և քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: