Այսօր քառօրյա պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված պայմանագրային զինծառայող Վարդան Թադեւոսյանի ծննդյան օրն է: Հերոսի 21-ամյա կնոջ՝ Էլիզա Սարգսյանի խոսքով՝ Վարդանը սիրում էր աշխատանքը, նվիրված զինծառայող էր:
«Շատ լավ ծառայակից ընկերներ է ունեցել, նույնիսկ եղել են դեպքեր, որ իր գնալու ժամանակը չի եղել, բայց ընկերների հետ գնացել է դիրքեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է հերոսի կինը:
Վարդանը Շիրակի մարզի Գետափ գյուղից էր. դեռեւս 90-ականներին Թադեւոսյանների ընտանիքը տեղափոխվել էր Արցախ: Էլիզան նույնպես փոքրուց մեծացել է Արցախում, որտեղ եւ ծանոթացել է ամուսնու հետ: Ապրիլյան դեպքերից հետո նա վերադարձել է Հայաստան, քանի որ Արցախում մնալու հնարավորություն այլեւս չի ունեցել:
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում Հայաստանում բավականին աջակցություն է ստացել, ինչի շնորհիվ կարողացել է մի բնակարան գնել: Այժմ Էլիզան միայնակ մեծացնում է մանկահասակ դուստրերին՝ 2-ամյա Անգելինային եւ 3-ամյա Ֆլորային, աշխատանք չունի: Թեպետ նրան աջակցում է Թալինում բնակվող հորեղբոր ընտանիքը, այնուամենայնիվ, դժվարություններ կան:
Վարդան Թադեւոսյանը զոհվել է ապրիլի 4-ին Ջրականում ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ չնահանջելով եւ հերոսաբար պայքարելով թշնամու դեմ:
Էլիզան ասում է, որ հպարտ է ու հավելում. «Այժմ էլ օրս սկսվում ու ավարտվում է երեխաներով, նրանցով եմ ապրում»:
Սյուզի Մուրադյան