Երբ ութ տարի առաջ հիմնադրվեց Սփյուռքի նախարարությունը, թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում, այդ համակարգային նորամուծությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Թվում էր, որ այս կառույցին կհաջողվի դառնալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների և կապերի զարգացման լոկոմոտիվը: Ակտիվացան սփյուռքից եկող մարդկային և ֆինանսական հոսքերը: Սակայն ինչ-որ մի պահի իրավիճակը փոխվեց: Դժվար է ասել՝ ինչն էր իրական պատճառը. սփյուռքի մեր հայրենակիցները չէի՞ն հաշտվում երկրում տիրող անարդարությունների և կամայականության հետ, իսկ միգուցե Սփյուռքի նախարարության գործելաո՞ճն էր իրական պատճառը, և այն, որ Skype- ը սփյուռքի համար ավելի շատ բան է արել, քան այս կառույցը, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բավականին լարված են, իսկ Հրանուշ Հակոբյանի «զավակ» «Արի տուն» ծրագիրը, հայտ ներկայացնելով դառնալ հայրենադարձության լայն նախագիծ, կարծես թե վերածվել է յուրահատուկ ամառային դպրոցի՝ առանց գաղափարական և դաստիարակչական բաղադրիչի:
Մերձավոր Արևելքում գրանցվող ողբերգական իրադարձությունների ֆոնին՝ Սփյուռքի նախարարությունը լծվել էր նաև սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու գործին: Կարծես թե կառույցը վերջապես զբաղվում է իր բուն առաքելությամբ, սակայն Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը դասական օրինակ է՝ ինչպես կարելի է մեկ օրում տարիների արած գործը ջուրը գցել: Իսկ տիկին Հակոբյանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը՝ «Պետությունը չի կարող սիրիահայերի համար տուն կառուցել…»: Ակնհայտ է, որ սա նախարարին, այն էլ Սփյուռքի նախարարին ոչ հարիր քաղաքական հայտարարություն է: Ասես՝ առեւտրի ինչ-որ «օբյեկտի» տեր արդարանում է, թե իր եկամուտներն այնքան քիչ են, որ ինքը մեծ ծավալի բարեգործություն չի կարող անել:
Այսօր Հայաստանում ժողովրդագրական վիճակն այնքան է սրվել, որ մեր պետությունն ամեն ինչ պիտի անի, որ ոչ միայն կասեցնի արտագաղթը, այլեւ խթանի հայրենադարձությունը: Ժողովրդագրության աճը փրկարար կլինի Հայաստանի Հանրապետության համար ե՛ւ ռազմական, ե՛ւ ներքին բարոյահոգեբանական, ե՛ւ քաղաքական ռազմավարության հարցում: Ոչ ոք բարոյական եւ քաղաքական իրավունք չունի հայտարարելու, որ պետությունը չի կարղ սիրիահայերի համար տներ կառուցել: Այդպիսի հայտարարությունը քաղաքական կոպիտ բացթողում է… հատկապես իրեն համայն հայության նախարար համարող պաշտոնյայի համար:
Փաստացի՝ այն գործառույթները, որոնք այսօր կատարում է Սփյուռքի նախարարությունը, կարող է կատարել նաև ԱԳՆ սփյուռքի հարցերով վարչության կարգավիճակով: Այս պարագայում հարց է առաջանում. իսկ գուցե պետական ապարատի կրճատման մեջ ներառել նաև այս կառույցի կրճատո՞ւմը, քանի որ մենք՝ հարկատուներս, չենք կարող պահել, մեղմ ասած, անարդյունավետ աշխատող նախարարություն: Եթե չենք կարողանում սփյուռքի մտավոր, քաղաքական, նյութական կարողություններն ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական անվտանգության եւ տնտեսական հզորացման ծառայեցնել՝ բառիս ոչ թե սպառողական իմաստով, այլ այնպես, ինչպես դա անում են մեծ սփյուռք ունեցող ազգերը, գուցե ժամանակն է սխալների ուղղումնե՞ր կատարել և առաջ ընթանալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականներով, և ինչն է՛լ ավելի կարևոր է՝ նոր ձևաչափով…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ