Այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփեց ՊՆ-ում իր աշխատանքի 118 օրը:
Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ այս տարի զինվորականների աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ւմ է, ասաց.
«2017 թվականի պետբյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: Մենք պետք է այնպես անենք, որ սպայական բարձր կոչում ունեցող սպաները ստանան ավելի բարձր աշխատավարձ: Սպայի մասնագիտությունը պետք է շատ գրավիչ լինի, չնայած որ վտանգավոր է, պատասխանատու և կարևոր, մեր երկրում՝ նաև շնորհակալ: Սպան կառավարման մեծ փորձով, խելացի մարդ է և պետք է նրա՝ հասրակություն ինտեգրումը սահուն անել: Չնայած, որ այսօր նման ծրագիր չկա»:
Նախարարը նշեց՝ ՀՀ զինված ուժերը միանշանակ մարտունակ են: «Մենք պետք է ունենանք այնպիսի զինված ուժեր, որը կլինի տարածաշրջանում լավագույններից մեկը: Զինված ուժերը պետք է զարգանան ավելի արագ, քան իրադարձությունները: Մենք պետք է միշտ անենք մի քայլ առաջ»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ բանակում ցանկացած մահվան դեպք ցավալի է. «Մենք ամեն հարցում հետամուտ ենք լինելու: Մեզ մեծ աջակցություն են ցուցաբերում հասարակությունը, ՄԻՊ աշխատակազմը, որի համար մենք շնորհակալ ենք: Ուսումնասիրելով տարիների վիճակագրությունը, ինքնասպանություների թիվը չորս անգամ պակաս է: Դա նշանակում է, որ աշխատանքը որոշակի արդյունք տալիս է, բայց դա մեզ, իհարկե, չի բավարարում: Դա մեզ չի հանգստացնում: Զինված ուժերը պետք է լինի ոչ թե հասարակության հայելին, այլ քաղաքացու կերտման դպրոց, դարբնոց»:
Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին և նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամը օրենքով սահմանված կարգով խորհուրդ ձևավորվելուց հետո կսկսի փոխհատուցման գործընթացը, իսկ խորհուրդը ձևավորվելու է առաջիկա օրերին: