Վերջին շրջանում, զորացրված զինծառայողներն ահազանգում են, որ զինկոմիսարիատում իրենց զինգրքույկներում գրել, ապա կոպիտ ձևով ջնջել են այն հատվածը, ըստ որի զինվորը մասնակցել է Ապրիլյան պատերազմական գործողություններին: Զինծառայողները որպես փաստ ներկայացրել են իրենց զինգրքույկները, որտեղ ակնհայտորեն երևում են ջնջված հատվածները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը նշեց, որ բոլոր այն դեպքերը, որոնց հետ կապված բողոքներ, ահազանգեր կան՝ ուսումնասիրվում են:
Գևորգ Ալթունյանի խոսքով՝ թե ժամկետային, թե պայմանագրային զինվորը, եթե մասնակցել է Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների, ապա դա պետք է արձանագրվի: Սակայն, մարտական գործողությունների չմասնակցած դեպքերը պետք է հստակեցվեն, քանի որ թյուրըմբռնում կա. «Մարդկանց թվում է, օրինակ, եթե զորամասը, որտեղ ծառայում է զինծառայողը, գտնվում է սահմանամերձ շրջանում, ապա դա ենթադրում է, որ նա մասնակցել է մարտական գործողությունների, կամ զորամասի որևէ ստորաբաժանում մասնակցել է մարտական գործողությունների դա նշանակում է, որ ամբողջ զորամասն ու անձնակազմն է մասնակցություն ունեցել»:
Ըստ մեր զրուցակցի՝ պետք է տարանջատել դեպքերը, հերթապահություն իրականացնելը, դեռևս մարտական գործողությունների մասնակցել չէ: Իսկ եթե կա մարդ, ով իսկապես մասնակցել է մարտական գործողությունների և նրա զինգրքույկում նշված չէ, ապա ցանկացած պատճառաբանություն սխալ է:
«Խնդիրն այն է, որ մարտական գործողություններին մասնակցությունը ենթադրում է որոշակի արտոնություններ, որը պետությունը սահմանում է տվյալ զինծառայողի համար: Ցավոք սրտի, բազմաթիվ են դեպքերը, երբ ցանկություն կա օգտվել այդ արտոնություններից, առանց համապատասխան հումքի: Բայց հակառակ դեպքում, եթե մարդը մասնակցել է մարտական գործողությունների, սակայն դա արձանագրված չէ, նշանակում է կոպիտ խախտում թույլ տրվել և այդ բոլոր դեպքերում պետք է քննություն տարվի և համապատասխան որոշում կայացվի, քանի որ ոչ ոք իրավունք չունի չարձանագրելու զինծառայողի մարտական գործողություններին մասնակցելը, եթե այդպիսի փաստ իրականում կա»,- ասաց նա:
Նշենք, որ Ապրիլյան պատերազմին մասնակիցներին տրվում են որոշակի արտոնություններ: Դեռևս ամիսներ առաջ, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ կզեղչվի այն ուսանողների ուսման վարձը, որոնց զինգրքույկում առկա է Ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին համապատասխան գրառում: Այս ուսանողների համար սահմանվել է ուսման վարձի 50 տոկոս զեղչ: Իսկ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի միայն 30 տոկոս զեղչից։
Սոնա Հարությունյան