Բնապահպանության ոլորտում իր ուժերը փորձող դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը բազմիցս է նշել, որ երկրի բնական հարստություն համարվող ջրային ռեսուրսի ապագան և նրա հետագա օգտագործումն ու կառավարումը բերելու է պետության տնտեսական զարգացման հիմնական մոդելների վերանայմանը: Ըստ նախարարի, կատարվել է մեծածավալ և արդյունավետ աշխատանք, ինչի արդյունքում ձեռք են բերվել բարձր ճշգրտությամբ արդյունքներ և դրանք շատ կարևոր են ջրային ռեսուրսների ոլորտում իրականացվող բարեփոխումների երկրորդ փուլի համար: Արդյոք նախարարը գոհ է այդ «բարեփոխումների» առաջին փուլի ընթացքից՝ դժվար է ասել, բայց որ գոհ են նախարարի կուսակցական ընկերները՝ դա փաստ է:

Տարիներ շարունակ բնապահպաններն ահազանգում են, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման եւ գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրներ: Ըստ բնապահպանների՝ ՓՀԷԿ-երի շահագործումը շատ դեպքերում ուղեկցվում է խախտումներով, որոնք անցանկալի հետեւանքներ են թողնում շրջակա միջավայրի վրա: Դրանցից է, օրինակ, ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում պատշաճ էկոլոգիական թողքի ապահովման բացակայությունը: Իսկ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը մեծ ազդեցություն է թողնում համայնքների սոցիալական վիճակի վրա՝ դրանք թողնելով առանց ոռոգման եւ խմելու ջրի: Դրա հետեւանքով նվազում են գյուղմթերքների արտադրությունը եւ բնակիչների եկամուտը: Կարծում եմ շղթան պարզ է….

Ի՞նչ է անում ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարարը այս խնդիրը լուծելու համար: Ասել, որ ոչինչ՝ սխալ կլինի, անշուշտ աշխատանքներ տարվում են, քայլեր կատարվում են, սակայն քայլերի ընտրության մեջ տեսանելի է սուբյեկտիվիզմը, որի մասին լռելը չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Նախարարությունը ոչ ավել, ոչ պակաս աչք է փակում մեկ այլ դաշնակցականի, տարածքային կառավարման նախարար՝ Դավիթ Լոքյանի ՀԷԿ-ի՝ բոլոր առումներով վնասակար գործունեության վրա, հաշվի չնստելով բնապահպանների և շրջակա տարածքի բնակիչների բազմաթիվ բողոքների հետ:

Իսկ խնդրի էությունը կայանում է նրանում, որ Լոքյանը ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը: Իսկ Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է: Մարցիգետին միացող Սառնաղբյուր վտակը, որից սնվում է Լոքյանի ՀԷԿ-ը, կլանում է շրջապատի ողջ ջրային պաշարն ու զրկում ոռոգման հնարավորությունից, մինչդեռ ՀՀ բնապահպանության նախարարը ելնելով կուսակցական վեհ սոլիդարությունից կամ իրեն միայն հայտնի պատճառներից՝ պարզապես չի արձագանքում ՀՀ քաղաքացիների բողոքներին, դրանով իսկ սահմանելով խաղի երկակի ստանդարտներ՝ յուրայինների և մնացած «հասարակ մահկանացուների» համար:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ