ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ քաղաքական որևէ միավորի.
««Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր' ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում' 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ:
Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին' իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը' համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ:
Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում' ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»,-ասված է պատգամավորի տարածած հայտարարության մեջ: